ԱՐԺԷ . . .
Սիրելը բան չարժէ,
Սիրւելը՝ մի քիչ.
Իսկ թէ սիրում ես
Ու նա՛եւ սիրւում.
Դա արդէն արժէ,
Արժէ ամէն ինչ…
30.8.93
*** Դու մի հեռաւոր . . .
Դու մի հեռաւոր, անծանօթ աղջիկ,
Ծանօթ ջերմութիւն՝ թուխ մարմնիդ վրայ,
Դու քիչ ուշացած, դու սկիզբ վերջին.
Արդէն ուրիշի, գուցէ մի նրա…
Ո՜վ գիտէ, գուցէ քեզնով կենդանի,
Կեանքիս մէջ մի պահ խնդայի իրաւ.
Լանջդ գրկէի՝ շունչը անհունի
Ու սարսռայի կրակիդ վրայ…
Անդրադառնայի,- եւ մի ակնթարթ,-
Որ սեւ ձմեռը գարուն է արդէն,
Արշալոյսւել է ճամբան անաւարտ,
Իմաստալի է մահը մութի դէմ։
Ու անրջում եմ մի վերջին անգամ,
Որ սին չլինեն օրերն ուրիշ,
Որ կիզւած կեանքիս կրակներն այն
Չմարեն իբրեւ մոռացում աննիշ։
Դու, մի անծանօթ, հեռաւոր աղջիկ,
Կեանքը գուցէ մեզ խաբել է մի պահ.
Ինձ դարձնելով քեզ՝ անծանօթ չնչին,
Ու քեզ ինձ համար՝ ամէն ինչ, որ կայ։
16.5.82
*** Մի քիչ հարբած՝ մի քիչ գինով . . .
Մի քիչ հարբած՝ մի քիչ գինով,
Մի քիչ մենակ լինէինք,
Դրսում աշուն, թախիծ լինէր,
Մի քիչ կրակ լինէինք,
Թող աշխարհը մտնէր խոր քուն
աշուն, ձմեռ, մինչ գարուն…
Ամառնագոյն գինու համար
մի - մի բաժա՜կ լինէինք։
13-14.9.03
Երեւան
*** Կէտը դառնում է գիծ . . .
Կէտը դառնում է գիծ,
Գիծը՝ տառ,
Տառը՝ բառ,
Բառը՝ Սէր,
Այսինքն՝ Արեգակ արդար,
Կամ՝ յաւերժութիւն…
Տեսնո՞ւմ ես, սէր իմ,
Ին՜չ հեշտ է… անմահանալ,
Միայն պիտ
Ունենալ՝ կէտ,
Այսինքն՝ սիրտ,
Որ ունի խենթ
սիրոյ գոյն։
Սիրտ,
Որ չէ՝ բիրտ։
16-17.8.99
*** Կախարդ աշուն է . . .
Կախարդ աշուն է,
Կախարդ անձրեւ է,
Կախարդող գոյն է,
Կախարդող ամպ.
Կախարդող շունչ է.
Կախարդ հունչ է,
Կախարդ փունջ է,
Ու տագնապ…։
Աչքս չոր է,
Սիրտս թաց է,
Լեզուս համր է,
Բուռս՝ բաց.
Ասես ձեռքիցս
Թռել է մի
Հազարա՜ն հաւք,
Երբ չկաս…
Կախարդ փունջ է,
Կախարդ հունչ է,
Կախարդ շունչ է,
ՄԷգ ու ամպ.
Կախարդ գոյն է,
Կախարդ անձրեւ,
Կախարդ աշուն։
21.10.98
*** Քո ճահճագոյն աչերում . . .
Քո ճահճագոյն աչերում
Կայ թէժ մի վագր, մերկ մի սուր.
Լռելեայն քո կանչերում՝
Վայելք, թակարդ, մեղք հասուն։
Ցորեանի մէջ վարսերիդ
Կայ լոյս-միգում անտառի.
Աղօթք, անյուշ վերացում՝
Գմբէթներումդ բերրի…
Սրունքներիդ մարմարին՝
Սառն սարսափը բագինի,
Քնարալար մատներիդ
Փակ-անափը անհունի…
Ուզի՛ր արիւն կը մտնեն,
Որպէս հզօր կենդանի,
Միայն երբէք չմթնեն
Մանուշակնե՜րդ վայրենի…
24.10.83
*** Խօլ կանաչ, խենթ կապոյտ . . .
Խօլ կանաչ, խենթ կապոյտ աչերդ թաւուտ,
Ինձ տարին փակ-թաքուն գանձարանն հոգուդ,
Որտեղ մեղմ փայլում էր հազար մէկ զմրուխտ,
Որտեղ է՛լ բացւում էր մի սիրոյ յուռութ։
Խօլ կանաչ, խենթ կապոյտ քո աչերը լուրթ,
Ինձ բերին երազի խոստումներ անսուտ.
Յուռութով խոստումն էլ փշրւեց անգութ,
Ու պարզւեց Չար-Բարու առեղծւածը մութ—.
Կեանքի մէջ ամէն ինչ այդպէս է՝ զոյգ պուտ,
Սաղմը, շարժումը, ժամանակն անփոյթ.
Մի բան միակ է, խորին մի խորհուրդ,-
Դա էլ լոկ սէրն է՝ սիրելն է անշուշտ։
Խօլ կանաչ, խենթ կապոյտ քո աչերը լուրթ…
10.6.96
*** Շատ երազելուց . . .
Շատ երազելուց դարձել էր բեզար,
Ու չկար, չկար փրկութեան հնար.
Կեանքը շաղւել էր անուրջների հետ
Ու դարձել էր մի քողարկւած կոշմար.
Յետոյ մտածեց. . . չապրելու մասին,
Յետոյ մտածեց՝ չկայ ճանապարհ,
Յետոյ մտածեց՝ երազն էլ է սին,
Ոչ մօտենում է, ոչ չքւում ի սպառ.
Խորհեց։ Քուն մտաւ։ Բայց դարձեալ երա՜զ,
Այս անգամ սէրը մերկ էր ու պայծառ,
Ու կեանքի հիւթը իր երակներում
Վարար կաթի պէս պղպջում էր վառ…
Յետոյ հասկացաւ, որ կարժի ապրել,
Թէկուզ հէնց միայն երազի՜ համար…
7.5.92
*** Այս պատմութիւնը . . .
Այս պատմութիւնը
Կարծես պատմել եմ.
Անձրեւի դիմաց
Անձեւ պառկել եմ,
Վերջերգս գրել,
Բայց եւ պատռել եմ,
Կեանքն արհամարհել,
Ուստի — պատւե՜լ եմ…
… Գոյներն թանձրացել,
Բայց մեղմանում են,
Հոգիս ցաւացել,
Բայց մեղքանում եմ…
Իմ դիմադրութեան
Դիմաց պարտւել եմ,
Ուրեմն…Կարծես…
Քեզ կարօտե՜լ եմ…
Այս պատմութիւնը
Կարծես պատմել եմ։
21.2.91
*** Աչքերիդ խորքում . . .
Աչքերիդ խորքում անտառ եմ տեսնում,
Դրանից յետոյ մշուշ ու երկինք,
Շրթերիդ վրայ մի բառ եմ տեսնում,
Որով բացւում է ամէն սիրոյ գիրք.
Շրթերիդ համար երազ եմ տեսնում-.
Այդ անտառի մէջ ես ու դու մենակ…
Աչքերիդ համար մի բառ եմ ասում,
Ու սրտիս մէգը դառնում է կրա՜կ։
9.8.92
ՃԱՄԲԱԲԱԺԱ՞Ն
Երբ բան չունես ասելու.
Էլ ինչ՞ գրեմ ես,
Երբ բան չունես լսելու,
Թող որ լռեմ ես.
Իմ Աշխարհն ես, դու գնա
Քո ճամբան ճիշտ եւ ուղիղ,
Ու թէ հարկ է՝ թող մի քիչ
ճամբաս ծռեմ ես։
2.8.04
ԹՐԹՈՒՐ ՈՒ ԹԻԹԵՌ
Սէրն այն եզակի
Պահն է անթերի,
Որ տառապանքիդ
Ու սեղմ կապանքիդ
թրթուրին տգեղ
Մի ակնթարթում
Փոխում է շքեղ,
Հրաշք թիթեռի…
10.4.92
*** Նայւածքիդ թուրը . . .
Նայւածքիդ թուրը
Իմ աչքը կտրեց.
Արեան փոխարէն,
Քո սիրոյ վէրքից,
Արտասուք կաթեց։
Այդ արտասուքը
Կրծքիս հրդեհը
Մեղմելու փոխան,
Նրան արիւնի
Գոյնով կէտկիտեց…
Արեան կրակը
Հոգուս լճակը
Ջերմացնելու տեղ
Նրա մէն-միակ
Նաւակը այրեց…
Հիմա քեզ կրկին
Հասնելու համար,
Պիտ սպասեմ
Մահւան
Կարապին տարեց։
22.7.91
ֆարդիս
*** Անունդ հազիւ թէ յիշեմ հիմա . . .
Անունդ հազիւ թէ յիշեմ հիմա,
Նոյնիսկ չեմ յիշում ազգանունը քո,
Միայն ապշած եմ մեր կեանքի վրայ,
Որ մէկ պիտ լինէր, բայց դարձաւ երկու։
Ինչ-որ քաղաք էր։ Ինչ-որ երեկոյ։
Մարմրում էին լոյսերն ընդհատ,
Լսւում էր միայն հնչեղ ձայնը քո,
Որով քերթւածն էր վառվռում ազատ։
Ուրիշ քաղաք էր։ Ուրիշ երեկոյ։
Հրդեհւում էին շողերը առատ,
Մեր լռութիւնն էր թփրտում հեւքոտ,
Կցկտուր խօսքի շեղբերում ժլատ։
Ախ, այդ անիրաւ-լաւ անունը քո,
Որով հիւսիսն եմ միշտ յիշել-ցրտեր,
Ինչպէ՜ս ինձ գերեց տապերի ներքոյ
Ու արեւ կախեց բեւեռից բեւեռ։
Իջնում է հիմա երրորդ երեկոն,
Իջնում է երրորդ քաղաքի վրայ.
Նոյնիսկ չեմ յիշում ազգանունը քո,
Անունդ հազիւ թէ յիշեմ հիմա…
26.7.91
Ֆարդիս
*** Երբ սիրոյդ մասին . . .
Երբ սիրոյդ մասին
Քերթւած գրեցի
Ու ծխեցի խորն, բուռն ու լիաթոք-.
Կողքիս մոխրացած
վարդեր մնացին,
Կրծքիս՝ վարդագոյն, վառւող
մի մորմոք…
15.9.00
ԻՐԱՆԱԿԱՆ ԵՐԳ
(Փոխառութիւն)
Ինձ արհամարհեց,
Ընդմիշտ հեռացաւ իմ օր ու կեանքից.
Պատւազգաց եմ, չէ՞,-
Ե՜ս էլ կը գնամ,
Կերթամ անպայման
իր խոհ ու մտքից…։
30.8.93
Ինձ արհամարհեց,
Ընդմիշտ հեռացաւ իմ օր ու կեանքից.
Պատւազգաց եմ, չէ՞,-
Ե՜ս էլ կը գնամ,
Կերթամ անպայման
իր խոհ ու մտքից…։
30.8.93
*** Բո՛ց լինէի, այրէի . . .
Բո՛ց լինէի, այրէի ճանապարհը, մարգ ու սէզ,
Ճեղքելով խաւը մութի, հրկիզէի ինձ ու քեզ…
Ասում են թէ՝ կրակի գիւտը վաղուց է եղել,
Սու՛տ է, հուրը այս գիշեր ես իմ ներսից եմ պեղել
Ու դաղել եմ երազիս զմրուխտ թուրը, ջրդեղել,
Մեզ բաժանող խաւարի կանաչ արիւնը հեղել։
Կանաչ մէգն այդ դառել է այս գիշեր ինձ լոկ պատանք,
Երազ - թուրիս փայլերը իր մէջ ցանցող մի պատեան։
. . . . . . . . .
. . . . . . . . .
Բո՛ց լինէի, այրէի ճանապարհը, մարգ ու սէզ,
Ճեղքելով խաւը մութի, հրկիզէի ինձ ու քեզ…։
29.12.95
*** Գիտե՞ս՝ ինչըն է . . .
Գիտե՞ս՝ ինչըն է
Մի տղամարդու կեանքում ցանկալի
Ամէնից աւել—.
Սա՝ վստահ լինել՝
Ցանկալի մի կին
Կարող է կեանքում նրան վստահել։
11.3.97
ՍՆԱՐԻԴ ՀԱՄԱՐ
Կեանքը յաճախ թռչում է
կեանք պարգեւող շրթից,
Գիտակցելը յաճախ այրող է
ձմռան ցրտից.
Սնարիդ՝ նկարներ, ծաղիկներ,
սրւակներ, ճարեր,
Ե՛ս քո սրտին մեռնեմ,
դու չմեռնե՜ս սրտից…
3.8.04
*** Այսօր տեսել եմ . . .
Այսօր տեսել եմ
Այն նամակդ, որ
Չէի համոզւում կը կարդամ նորէն,
Ճիշտ էի, քանզի,
Սէր ամէնազօր,
Դա ինքն էր, բայց ես…
Ես չէի արդէն…
Իսկ նամակներդ
Դեղնել են, մարել,
Յիշատակների
Անփա՜կ դարակում,
Յոյսի խորանը
Էլ շատ է մթնել,
Իմ երազների խորտակւած վանքում։
21.10.89
*** Երազիս նաւը . . .
Երազիս նաւը
Խոր խարիսխ նետեց
Աչքերիդ ծովի
Ջրերը կանաչ.
Երբ տեսայ կղզին
Իրականութեան՝
Խարիսխս ծանր էր-.
Մնացի անշարժ։
15.2.90
*** Ո՞վ էր, ի՞նչ էր . . .
Ո՞վ էր, ի՞նչ էր, չիմացայ.
Եկաւ, գնաց, անհասցէ.
Լոկ այսքանը հասկացայ,
Որ հէնց ինքն է, կորածս է։
Աչքերում խաժ մի ժպիտ,
Շրթերին խաղ թախծաշուք.
Այտերին մէգ մի վճիտ,
Մեղսոտ ու մեղմ ու տաքուկ։
Գնաց, - գնալ չէր ուզում,-
Հասկացայ իմ կորածն է.
Սիրտս ընկաւ ջերմ յուզում.
Ո՞վ էր, ի՞նչ էր - անհասցէ…
27.8.94
*** Արեգակի հանգոյն . . .
Արեգակի հանգոյն ունես ոսկէ մազ,
Րոպէ չկայ՝ քեզ չյիշեմ, իմ երա՜զ.
Եթեր՞ ես դու, երկի՞նք են լուրթ, թէ՞ արեւ,
Վար արի, վա՛ր, որ չդառնայ կեանքս՝ սեւ.
Իմացիր, որ՝ մինչ կեանքս կայ, մինչ կամ ես,
Կը վառւեմ քո հրում, որպէս ողջակէզ։
29.10.00
*** Միակ երազս . . .
Միակ երազս
Պղծեցի այսօր.
Անշուշտ պղծեցի
Ուրի՜շ երազով.
Առաջինի մէջ
Մեր սէրն էր ծով,
Երկրորդում՝ զուգւած
Նորայայտ կղզով…
19.4.90
23.8.90
«LUCIA, LUCI . . . »
Իտալական մի երգի յիշողութեամբ
Նորից լոյս է իջել իմ
Սիրած, սիրոյ փողոցին,
Ինչպէս իւղը կանթեղին,
Կամ՝ կաթնաբոյրը ծոցին։
Կարծում էի էլ չկայ…
Ամայի է ամէն բան,
Սակայն թոյրն այս աղջկայ
Բոյր է բերել գիշերւան.
Բոյր, որ բերում է խորհուրդ,
Բոյր, որ բերում է ծաղկունք.
Գորշը դարձնում է կապոյտ,
Հիասթափումն հիացմունք։
* * *
«Լուչիա, իմ Լուչիա. . . »
Այս սիրերգն եմ կրկնում ես
Ու հաւատում՝ ի վերջոյ
Բախտը գտաւ ինձ ու քեզ.
Թէկուզ անունդ՝ երգի մէջ,
Յիշողութեան լարը իմ,
Եւ արդ, գտած ելեւէջ,
Նրանք դարձան մտերիմ…։
Նրանք դարձան մտերիմ-.
Լոյս է իջել փողոցին,
Ինչպէս իւղը կանթեղին,
Կամ՝ կաթնաբոյրը ծոցին։
10 - 12.4.95 (խաւարման գիշեր)
*** Դու իմ պայծառ . . .
Դու իմ պայծառ երազն ու հայելին, ջինջս,
Դու իմ անծայր անքնութիւնն ու … նինջս.
Դու՝ ծով, երկինք, հորիզոն, աւազ, լիճս,
Դու… ամէ՜ն ինչս։
18.9.01
ՍԷՐԸ ԼԵԶՒԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
Դու՝ ճակատագրի դաւը,
Դու՝ իմ ցաւերի ցաւը,
եւ քանի որ՝
- x - = +
Դու իմ լա՜ւը… Love-ը…։
22.8.01
ԱՆՀՈՒՆԻ ԲՈՅՐՈՎ
Կարօտդ ի՞նչ գոյն ունի,
Գոյնն այդ ի՞նչ անուն ունի,
Անունն այդ ի՜նչ էլ լինի
Բոյրն ունի… Անհունի։
9.4.02
*** Եթէ մի տեղ նուշ կայ . . .
Եթէ մի տեղ նուշ կայ ծառի վրայ,
Ենթադրում է՝ շուրջը արեւ,
ծաղիկ,
ճիւղ,
անտառային խոնաւութիւն,
լուսաբաց,
շող։
Աչքերդ են՝ դէմքդ։
Եթէ մի տեղ բալ կայ ճիւղի վրայ,
Ենթադրում է՝ շուրջը ստւեր,
սարսուռ,
խէժ,
քաղցրութիւն,
կապոյտ,
կաթնագոյն-դեղին տարածքներ։
Լանջդ է՝ կուրծքդ։
Եթէ մի տեղ դու կաս,
այնտեղ կայ՝ նշենի, բալենի…
29.9.96
*** Ինչ լաւ արիր վերադարձար . . .
Ինչ լաւ արիր վերադարձար
Երազիս տունը նախկին.
Քեզնից թափուր իմ երազը
Շփոթում էր ամէնքին.
Ինչպէս հիմա, որ ինձ թւաց
Ապրում ես իմ երազում,
Այն ինչ միայն իմ երազն է
Որ հիմա քե՜զ է սազում…
19.10.92
*** Դու այցելում ես . . .
Դու այցելում ես
Ինձ երազի մէջ,
Իսկ ես հիւրն եմ
Նրա երազի.
Թող գէթ մի անգամ
Երազանամ քեզ,
Իսկ նա չտեսնի
Ու մէկի չասի…
8.5.92
*** Խմեմ դառն մի սուրճ . . .
Խմեմ դառն մի սուրճ, ծխեմ դառն սիգար,
Գուցէ խաւարի դառնութիւնն առնի.
Այս քանի գիշեր եւ ինչքան սիգար
Սպասեմ՝ երազիս դիցուհին յառնի։
Այս քանի գիշեր եւ ինչքան սիգար
Ճակատագիրս նմանեց սուրճի.
Սկզբում տարածեց բոյր հոգեպարար,
Վերջը մնաց դիրտ, նման… ճահիճի։
Գիշերից առնեմ բոյրեր սրճաթոյր,
Միգուցէ վաղն էլ ի՛մ բախտը բացւի.
Այսօր նա գնաց, բայց չգիտէ ո՛ւր,
Գուցէ հարս դառնայ, կամ փոխւի… քածի։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Այդպէս էլ մնաց երազս անկատար,
Իսկ յոյսս դարձաւ արնոտ աղաւնի.
Խմեմ դառն մի սուրճ, ծխեմ դառն սիգար,
Գուցէ խաւարի դառնութիւնն առնի։
10.8.00
*** Լաւս, արդարս . . .
Լաւս, արդարս, բարբառս, վառս,
Լարս, քնարս, յարմարս, ճարս,
Մեծ աղմուկի մէջ՝ նինջս, դադարս,
Երբ էլ խօսք չկայ՝ սկիզբս, բառս։
2001
*** Ես ամէն վայրկեան . . .
Ես ամէն վայրկեան սպասեցի քեզ,
Իբրեւ կանա՛չ ուխտաւորի սպասող մի մատուռ անդուռ,
Եւ քեզ սպասելով լեցւեցի վայրկեաններով,
Որից այն կողմ
Մնաց մի անժամանակ տարածութիւն՝
Յաւերժութիւն՝
դու՛…
27.7.01
*** Աշնան նշոյլ է նշմարւում . . .
Աշնան նշոյլ է նշմարւում
Անոյշ նայւածքիդ նուշում,
Անուրջ ներշնչում
այս մղձաւանջում.
Դրա համար եմ
Մոլորւում աչքիդ մեղոյշ մշուշում,
Կորա՛ծ որբի պէս
Ինքս ինձ յուշում՝
Ոսկէ դղեակ կայ
Այս ճամբի վերջում։
Աշնան նշոյլ է նշմարւում
անոյշ նայւածքիդ նուշում…
98 թ.
*** Անցեալ աշունը ջերմացաւ քեզնով . . .
Անցեալ աշունը ջերմացաւ քեզնով,
Աշուն, որ վաղուց ցուրտ էր ու խաւար.
Խորհում էի՝ այս աշունն անվրդով
Պիտի առաւել հասնէր, քաղցրանար։
Խորհում էի, երբ մտար-.Ց՝տեսութիւն.
Հեռանում էիր ընդմի՜շտ, առյաւէ՜տ.
Քեզ հետ հարց չունեմ, ասում եմ՝ աշո՛ւն,
Ե՜րբ պիտի հաշտւես խաբւող սրտիս հետ։
31.7.94
*** Արեգակի հանգոյն . . .
Արեգակի հանգոյն ունես ոսկէ մազ,
Րոպէ չկայ՝ քեզ չյիշեմ, իմ երա՜զ.
Եթեր՞ ես դու, երկի՞նք են լուրթ, թէ՞ արեւ,
Վար արի, վա՛ր, որ չդառնայ կեանքս՝ սեւ.
Իմացիր, որ՝ մինչ կեանքս կայ, մինչ կամ ես,
Կը վառւեմ քո հրում, որպէս ողջակէզ։
29.10.00
*** Աշնան նշոյլ է նշմարւում . . .
Աշնան նշոյլ է նշմարւում
Անոյշ նայւածքիդ նուշում,
Անուրջ ներշնչում
այս մղձաւանջում.
Դրա համար եմ
Մոլորւում աչքիդ մեղոյշ մշուշում,
Կորա՛ծ որբի պէս
Ինքս ինձ յուշում՝
Ոսկէ դղեակ կայ
Այս ճամբի վերջում։
Աշնան նշոյլ է նշմարւում
անոյշ նայւածքիդ նուշում…
98 թ.
ՑԱՅԳԱԾԱՂԻԿ
(Պոէմ)
Դո՞ւ էիր, թէ՞ քո ուրւականն էր լուրթ,
Այնտեղ, որ ափի-ծովի սահմանին
Ծնւում էր երազ,
Վարսերը դրած
Իրականութեան մահճի սաւանին։
Դո՞ւ էիր իրաւ, քո սիլւե՞տն էր պարզ,
Որ զեփիւռի պէս, արծաթ կածանին,
Մարմնաւորում էր՝
Բիւր ցայգածաղկի,
Գիշերւայ զովի
Բոյրերը անդարձ
Ու նւագի հետ
Անցնում անհունին։
Արդէն խօսել եմ
Սիրոյ առեղծւած ծնունդի մասին
Եւ գիտեմ, որ նա
(Սէրը միածին)
Ելել է ծովից.
Թերեւս սկզբում
Ունեցել է կերպ՝ թեփուկի,
ձկան,
մարգարտի, գուցէ
եղել է խեցի.
Ստոյգ է սակայն՝
Դրա համար է սէրը անսահման,
Զի նախահայրը
Ովկիանն է անծիր։
Դո՞ւ էիր, թէ՞ քո ուրւականն էր այն…
Ինձ հետ էլ եղաւ
Կարեւոր մի բան
Առաջին անգամ ծովը տեսնելիս։
Երեւի տեսայ
առաջին անգամ
երկինքը պառկած՝
հրճւանք գրկաբաց,
Երեւի տեսայ՝ անսահման, որին
կարող ես մերւել,
չմեռնել սակայն,
Չէ՞ որ ետմահո՛ւ կարող ենք
ճեղքել անհունը միայն։
Ինձ հետ էլ եղաւ
Կարեւոր մի բան,
Ու այնուհետեւ… էլ ինչե՜ր չեղան։
Նախ մեզ ասացին՝
Սպասէ՛ք, համբերէ՛ք.
Ճիշտ էին նրանք.
Մինչ ափը կարգին,
Պէտք էր համբերել՝
սպասել անպայման,
Բայց դրանից չէ՞ր՝
Մեր մէջ քարացաւ,
- Արդէն անհարկի,
փոխւած արգելքի,-
Պատւար-պատնէշը՝ համակերպութեա՜ն…։
Ու դրանից չէ՞ր՝
Բնազդը մեր վառ
Մարգարտի նման
խփւե՜ց, փշրւե՜ց,
Իր տեղը տալով
Արդէն համ հանող
«ծո՜վ համբերութեան»։
Առաջին անգամ
Ծովը տեսնելիս
Ինձ հետ էլ եղաւ
Կարեւոր մի բան,-
լա՛ւ բան անպայման,-
Իսկ քեզ տեսնելիս
Նոյն այդ ծովի մօտ,
Հասկացայ՝ լաւը այդ դո՜ւ ես միայն։
Խորհում եմ սակայն՝
Դո՞ւ էիր, թէ՞ քո ուրւականն էր այն.
Գիտե՞ս, կասկածը
Երբեմն լաւ է, տեղի՛ն, դրակա՛ն,
Քանզի ասւել է՝
«ճշմարտութեան սալը
խստիւ է դաժան՝
ծանր է անսահման,
Ում վրայ պառկի՝
Նրան կը դարձնիդիակ անկենդան. . . »:
Դո՞ւ էիր, թէ՞ քո ուրւականն էր այն…
Կասկածը որքան
Լինի դրական,
Ստոյգ է մի բան՝
Մինչ քեզ տեսնելը
Կեանքս եղել է
Քամու դէմ… Ուռկա՜ն։
. . . . . . . . .
. . . . . . . . .
Հիմա գնո՜ւմ ես…
Հաւատա՞լ դրան.
Ես չեմ կասկածում քո ճշմարտութեան,
Սակայն յուսով եմ՝
Բիւր ցայգածաղկի,
գիշերւայ զովի
բոյրերի նման,
Անհուն անցնողը՝
էլ չդարձողը,
Լինես ո՛չ թէ դու,
Այլ քո սուտ, անգոյ
Ուրւականը այն…
Ուրւակա՜նը այն…
29.3.04
ՏՂԱՅԱԿԱՆ
Կանաչ հայեացք թափանցիկ,
Չամուսնացած թուխ աղջիկ,
Քառասունի մօտերում
Քեզ զգո՞ւմ ես երջանիկ…
Անունդ՝ ձիւն մի ծաղիկ,
Հասարակաց լաւ ծանօթ,
Սակայն էլ չես ձնծաղիկ,
Վարդափուշ ես աշնամօտ։
Չեղաւ, որ փունջ տայի քեզ
Պարտէզներից ես գարնան-
Այ, կրպակում այս համեստ,
Որ մտերիմ է այնքան…
Մօտենայի քեզ մի օր,
Մի կիրակի, մի Զատիկ,-
Խիզախութեա՜մբ անսովոր
Բան ասէի՝ շատ փոքրիկ։
Յետոյ անցնէր մի ամիս…
Խօսեցնէի վերջապէ՛ս.
Հանդիպէինք քայլելիս,
Խօսքը հասնէր մերոնց, ձեզ…
Քո կեանքը գորշ մի փողոց,
Ժամադրավա՛յր մանաւանդ,
Արգելակող չոր սուլոց.
Փափուկ քայլւածք, բայց հպարտ։
Ու չթեքւող, զուսպ պահւածք,
Անմատչելի, գեղեցիկ.
Դեռ չպեղւած կեանքի հանք,
Քառասունի մօտ աղջիկ…
7.4.84
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿԱՐՕՏ
Գիշեր է, այնպէս կարօտել եմ քեզ,
Լռութիւնդ նուրբ, հմայքդ հրկէզ,
Որ թւում է թէ՝ ոչինչ աշխարհում
Չի եղել այսքան առինքնող ու հեզ։
Գիշեր է, այնքան կարօտել եմ քեզ,
Որ թւում է թէ լոյսերն ամենուր
Մարւել են, որ քեզ է՛լ չգտնեմ ես,
Կամ հակառակը՝ գամ անտե՜ս, անլո՜ւր…
Գիշեր է, այնպէս կարօտել եմ քեզ,
Աչքերդ համեստ, վարսերդ ոսկէ,
Որ բաւական է նայել՝ լուռ, անտես,
Էլ պէտք չե՜ն բառեր, էլ պէտք չե՜ն խօսքեր։
Գիշեր է, այնպէս կարօտել եմ քեզ,
Որ մէկ հպումը կը վառի լոյսեր,
Յաջորդ հպումով արդէն հրակէզ
Կորած արեւը կը բարձրանայ վեր…
Սակայն… գիշեր է, կարօտել եմ քե՜զ…
19.7.03
ԻՐԻԿՆԱՅԻՆ ԿԱՐՕՏ
Կուզենայի արդ քեզ հետ
Զուր թափառել փողոցով,
Իրիկնային զովը ինձ
Հասնէր աչքիդ մեղմ բոցով.
Կուզենայի չունենալ
Ո՛չ հանգրւան, ո՛չ հասցէ
Ու սպառել ժամը մեր
Անկապակից զրոյցով։
Կուզենայի քիչ մրսել
Ու սարսռալ զովից թաց,
Պատրւակել, մօտենալ
Ու ջերմանալ քո ծոցով.
Կուզենայի… խաբե՜ս ինձ՝
Չքմեղանաս, շփոթւես,
Չարչարւէի ես մի քիչ
Կասկածանքի նուրբ խոցով.
Կուզենայի փորձել ինձ,
Թէ որքա՛ն եմ կենդանի
Ու դեռ որքան եմ խայթւում
Մէջս նիրհած խանդ-օձով։
Կուզենայի լքել քեզ,
Տարակուսել, փոշմանել,
Ընդունէիր ինձ նորից
Թեթեւ ու փոքր մի լացով.
Կուզենայի թեթեւնալ,
Զգալ շունչը գիշերւայ,
Թեթեւութիւնս կշռել
Կոճակներիդ փակ-բացով…
Եւ կուզէի խոնջանալ,
Մտնել տունդ ջերմ այնքան,
Որ դղեակի է նման,
Իմ «սեփական» բազմոցով…
. . . . . . . . . . . .
Կուզենայի արդ քեզ հետ
Զուր թափառել փողոցով…
10.9.94
ԽՈՐՀՐԴԱՒՈՐ ԿԱՐՕՏ
Մի խորհրդաւոր կարօտ է հիմա սիրտս ներխուժում,
Ես եմ ու մի կին, որի աչքերն է սեւորակ մուժում
Ու մենք քայլում ենք երկար մայթերով, ասես անրջում
Այդ կարօտը ինձ նւաղեցնում է, բայց նաեւ բուժո՛ւմ։
Այդ մայթերն երկար աշխարհն են մեզ հետ դարձնում ու քաշում,
Մենք զուգահեռ ենք քայլում, բայց նաեւ իրար ենք դաջւում.
- Երկու զուգահեռ գիծ հանդիպում են միայն յաւերժում,
Ուստի մենք քայլում ու անհուններն ենք բաժանում, մաշում։
Պողոտան գնում, սակայն տարածքը ասես մեզ կպչում,
Զատւում է ամէն քառուղու վրայ ու նորից խաչւում.
Դրա համար էլ ո՛չ մեղք ենք զգում եւ ո՛չ մեղանչում,
Անսահման տուժում, բայց սահմանները երբէք չենք ջնջում։
Մի խորհրդաւոր կարօտ է հիմա սիրտս ներխուժում…
24.11.94
ԱՐՆԱԳՈՅՆ ԿԱՐՕՏ
Ծիրան իրիկւայ ծւէնների տակ
Կարօտել եմ այն շէկին քաղցրակաթ,
Ու նուռ արեւի կեղեւ-շերտում տաք՝
Միւսի բոսոր շրթները ակաթ։
- Եարոտե՜լ եմ, եարոտե՜լ եմ, եարոտե՜լ եմ…
Սուրմայ գիշերւայ գծերում անտակ
Կարօտել եմ այն սեւին սաթահատ,
Ու լուսնի արծաթ փայլերում յստակ՝
Այն մէկին, որ ձիգ շուք է միգապատ։
- Կարօտե՜լ եմ, կարօտե՜լ եմ, կարօտե՜լ եմ…
Ողջ գիշեր այսպէս քայլելուց յետոյ,
Այսպէս արբելուց, երազից այսքան,
Սրտիս տեղ սո՛ւր է արդ կրծքիս ներքոյ,
Որով կտրել եմ անցեալ—ապագան։
- Արնոտե՜լ եմ, արնոտե՜լ եմ, արնոտե՜լ եմ…
Նաւասարդ -94
ԿԱՐՕՏԻ ԱՍՏՂԵՐ
(Իսպանական ակորդ)
Կրծքիս երկնքի խաւարն այրում են
Կարօտի աստղեր, ցոլքեր կարօտի.
Քո սէրն իմ սրտում որքա՜ն անհուն է,
Ու մաշկս՝ մաշկիդ՝ որքա՛ն անօթի։
Կաշուցս այն կողմ՝ արիւնս՝ արիւնիդ,
Ռունգերս՝ շնչիդ՝ բուրմունքիդ կարօտ.
Աշունից այն կողմ՝ գարունս՝ գարունիդ,
Անունս անունիդ՝ ակունքիդ կարօտ։
Մթան կիսում է դաշոյնը յուշիս,
Ինչպէս կարօտս՝ ծրարդ ծանօթ.
Աչքս ծակում է, հանց ծայրը փուշի՝
Ճերմակ նամակդ, առնում վարդի հոտ…։
Մոմից քամում եմ մեղեդի լոյսի,
Գինուց՝ մեղրի գոյն՝ մինչեւ առաւօտ.
Գոյնից քաղում եմ ծաղիկներ յոյսի,
Ծաղկեփունջ դնում լուռ գիթարիս մօտ։
Մութ սնարիս մօտ վառում եմ երազ,
Որ ուղիդ պահեմ ցոլքով կապոյտի.
Գուշակ աստղերը ասեմ են՝ կը գա՜ս,
Կաշիս չի մնայ կաշուդ անօթի…
20.4.03
Զատիկ
Թեհրան
Կրծքիս երկնքի խաւարն այրում են
Կարօտի աստղեր, ցոլքեր կարօտի.
Քո սէրն իմ սրտում որքա՜ն անհուն է,
Ու մաշկս՝ մաշկիդ՝ որքա՛ն անօթի։
Կաշուցս այն կողմ՝ արիւնս՝ արիւնիդ,
Ռունգերս՝ շնչիդ՝ բուրմունքիդ կարօտ.
Աշունից այն կողմ՝ գարունս՝ գարունիդ,
Անունս անունիդ՝ ակունքիդ կարօտ։
Մթան կիսում է դաշոյնը յուշիս,
Ինչպէս կարօտս՝ ծրարդ ծանօթ.
Աչքս ծակում է, հանց ծայրը փուշի՝
Ճերմակ նամակդ, առնում վարդի հոտ…։
Մոմից քամում եմ մեղեդի լոյսի,
Գինուց՝ մեղրի գոյն՝ մինչեւ առաւօտ.
Գոյնից քաղում եմ ծաղիկներ յոյսի,
Ծաղկեփունջ դնում լուռ գիթարիս մօտ։
Մութ սնարիս մօտ վառում եմ երազ,
Որ ուղիդ պահեմ ցոլքով կապոյտի.
Գուշակ աստղերը ասեմ են՝ կը գա՜ս,
Կաշիս չի մնայ կաշուդ անօթի…
20.4.03
Զատիկ
Թեհրան
ԻՄ ՉԱՐ, ԻՄ ԱՆՄԵՂ
Դու մերժո՞ւմ ես ինձ…
—Անշուշտ դու էլ քո
պատճառներն ունես,—
Իսկ ե՞ս…
Տանջւել եմ
Ողջ ապրողների մահւան սարսափով,
Ողջ մեռելների կարօտով՝ կեանքին.
Ու հիմա կրկին՝
Նորից նոր տաժանք,
Նորից նոր կարօտ,
Նորից նոր կորուստ
Ու նորից նոր… Հի՜ն միամտութիւն,
Որից փրկւելու
Ոչ մի զէնք չունեմ,
Որից փրկւելու
Ոչ մի ելք չունեմ,
Ոչ մի ձեռք չունեմ,
Սակայն… ե՛րգ ունեմ.
Երգում ինչպէս միշտ՝
Վէրք ու հեւք ունեմ,
Հեւք ու վէրք ունեմ,
Սակայն այս անգամ,
Ո՜չ, երգ էլ չունեմ,
Լոկ կռահում եմ՝
Դու մերժում ես ինձ
եւ անշուշտ յարգի
պատճառներ ունես,
Իսկ ե՞ս…
Ի դիմաց
Սարսափում եմ ողջ ապրողների չափ,
Կարօտում եմ ողջ մեռելների տեղ։
Իմ լա՜ւ, իմ ահե՜ղ,
Իմ վա՜տ, իմ անմե՜ղ…
26.2.04
ՄԻԱՅՆ ԱՍԷԻ…
Անցնէի բոլոր ծառերի միջով,
Անցնէի ոլոր փողոցներով մութ,
Անցնէի վերջին ձեր կամուրջն էլ ցուրտ,
Ու վերջին հեւքի իմ վերջին շնչով
Միայն ասէի՝ շատ եմ կարօտել…
Անցնէի ինքս իմ դիմաց վէճով,
Անցնէի մի քիչ վրդոված խղճով,
Մեծ տառապանքով,
Բաւարարւէի անդորրի՝ քչով,
Միայն ասէի՝ շատ եմ կարօտել։
Մի քիչ պար գայի սառցի ապակուն,
Մի քիչ ման գայի, թրջւէի մի քիչ,
Ճիւղից լսէի
կասկածելի ճիչ,
Ճամբաս ուղղէի,
Գայի դուռդ ճիշտ,
Միայն ասէի՝ շատ եմ կարօտել։
Մէլ էլ դառնայի զղջած, փոշմանած,
Մէկ էլ դառնայի վէրքը թշնամեաց,
Վերադառնայի թեթեւցած խղճով,
Մէկ էլ…
Թո՛ղ լինէր որեւէ ոճով,
Միայն ասէի, ասէի հաստատ՝
շատ եմ կարօտել,
կարօտել եմ շա՜տ…
11.12.03
ՔԱՆԶԻ ԱՄԷՆ ԻՆՉ…
Ճրագները նոյն բանից են խօսում,
Պողոտաների ասֆալտները թաց,
Սեւ տերեւները նոյնն են փսփսում-.
Դու չկաս, չկաս…
Շապկիս տակ ինչ-որ հնոց է բացւում
Ու կարօտներ են առկայծում հանգած,
Նոյն մոխրագոյնն ու մէգն է փողոցում՝
Դու չկաս, չկաս…
Ողջ քաղաքների քնքշանքը պէս-պէս,
Հորիզոնների փակւածքները բաց,
Որպէս ծաղկեփունջ ընծայում եմ քեզ,
Բայց չկաս, չկաս…
Հորիզոններ եմ կախում քաղաքին,
Փակուղիներին՝ նրբութիւն ու կայծ,
Վառ ծաղիկներ եմ տալիս կրպակին,
Որ կրկին դու գաս…
Քանզի ամէն ինչ
Լրացնում է ինձ,
Քանզի ամէն ինչ քեզնից է պակաս։
16.4.90
ԻՄ ԱՆՁՐԵՒ ԱՂՋԻԿ
Իմ անձրե՜ւ աղջիկ, քեզ չեմ դիպչի ես,
Քանզի անձրեւը շոյել չի լինի.
Պիտ շնչել միայն բոյրն աշնահեզ
Անձրեւի եւ քո՝ գոյներով գինի…
Իմ հրէ՜ աղջիկ, քեզ չեմ շոյի ես,
Քանզի կրակը բռնել չի լինի.
Պիտ զգալ միայն շունչդ հրակէզ,
Թէկուզ այրւելով բոցում գեհենի։
Հողաբո՜յր աղջիկ, քեզ չեմ շնչի ես,
Զի արարչութեան պտուղ չի լինի…
Քաղեմ պիտ միայն հմայքդ պէս-պէս,
Հողից դուրս ժայթքող ծաղկով արիւնի…
Իմ զեփի՜ւռ աղջիկ, չեմ համբուրի քեզ,
Զի քամիները գրկել չի լինի.-
Ու այսպէս տխո՜ւր, այսպէս սիրակէ՜զ՝
Պիտ ապրենք ձմեռ, առանց գարունի…
3.12.90
ՊԱՐԸ
Երա՞զ էր, թէ՞ յուշ
Այն հին նոր տարին,
Եղեա՞մ էր, թէ՞ մուժ
Ապակիներին։
Պարում էին դաշն
Զոյգերն պատանի—.
Տղայ մի խարտեաշ,
Աղջիկ գեղանի։
Բայց դեկտեմբերը
Դարձաւ հոսան գիժ,
Ապակիները՝
Զարդանկար շիշ։
«Զոյգեր»-ը մտան
Երազ-շշի մէջ
Ու մնացին անդ
Անխռով, անվէճ։
Հիմա առանց քեզ,
Ամէն նոր տարի,
Նրանց լարելով
Մղում եմ պարի։
3-5.1.88
ՄԻԱՅՆ ՎԱՌՒԻ…
Հեքիաթի հոլովոյթ
1
Առաջ բակ էր ու պարտէզ
Սենեակներ ջերմ ու պատշգամբ.
Փոքր դրախտ էր՝ ինձ ու քեզ,
Ո՛չ պատւիրան, ո՛չ պատգամ…
Ամբողջ օրը խաղ, կատակ,
Աչքակապուկ, տուն-տունիկ.
Միւսները՝ պապ-զաւակ,
Մենք՝ «հայր» ու «մայր»՝ ընտանի՜ք։
2
Յետոյ քանդւեց բակն այդ,
Տեղը շինւեց հիւրանոց.
Դու ուսանող, ես՝ սպայ,
Քայլեցինք մինչ մեր փողոց…
Ես մեկնէի պիտ ճակատ,
Դու՝ այլ երկիր՝ նոր շրջան…
Էրոս-Ամուրը հաստատ
Այդ գիշեր պիտ շշնջար…
3
Գուցէ յետոյ անդ կոչւի՝
Հանգստեան տուն - ծերանոց,
Մենք ծւարած մեր մահճին,
Իրար ժպտանք լուռ, անբոց…
Ինչ լինում է լինի՛ թող,
Մէ՛կ է՝ կեանքը կը հոսի.
Միայն թէ միշտ թող տայ շող՝
Վառւի ջահը երազի՜…
21.6.03
ՏԱՐԻՔ
Իմ երազների հրաշք թագուհուն
Զուգել է արդէն չքնաղ մի… Կնճիռ.
Այսպէս է սէրը՝ ապրում է թաքուն՝
Իր խոր, ներքնահոս ակունքում, վճիտ։
Նա հոսում է ծանր, ե՛ւ յամր, ե՛ւ գաղտնի,
Կտրում-անցնում է տարիներ բազում.
Յանկարծ անում է փրփուրն իր յայտնի,
Սակայն իսկ հունը մէկի չի բացում։
Նա հոսում է խոր ընդերքով գետնի,
Բովանդակ կեանքն է ձեւում— ընդգծում.
Այդ հոսքի մասին ոչ ոք չգիտի,
Լոկ արմատնե՜րն են նրա զովը ծծում…։
. . . Իմ երազների հրաշք թագուհուն
Զուգել է արդէն չքնա՜ղ մի կնճիռ.
Դա շատ-շատերին տարիք է թւում,
Իսկ ինձ՝ նոր հունը աղբիւրի վճիտ…։
22.8.99
ՀԱՐԵՒԱՆՈՒԹԻՒՆ
Դուք, իմ մանկութեան դիցուհի տիկին,
Որ հիմա մուժ է
իջել
ձեր աչքերին,
Դուստրդ նայում է ինձ մի քիչ տարբեր,
Իմ ջահէլ հօ՞րն է յիշում թէ՞ մէկին…
Դուք իմ մանկութեան դիցուհի տիկին,
Դուստրդ նման է ե՛ւ ձեզ, ե՛ւ մէկին,
Թէ՝ նման է ձեզ,
թէ՛ իր մանկութեան,-
Բայց արդ դարձել է հասուն մի կին…
Դուք իմ մանկութեան դիցուհի, տիկին,
Նրան է նայում իմ տղան կրկին.
Աշխարհը այսպէս կը գա՜յ,
կը գնա՜յ,
Բայց կապրի՛ սիրոյ երազի հոգին…
Դուք իմ մանկութեան դիցուհի տիկին…
6.3.93
ԳԵՂՈՒՀԻՆ
Աշխարհում կայ մի Հայաստան, Հայաստանում կայ հայութիւն.
Նրա սրտում կան աղջիկներ, համակ նազանք, ե՛ւ լոյս, ե՛ւ գոյն.
Նրանց մէջ կայ մի շէկ աղջիկ, որից լաւին չեմ ճանաչում,
Աչքերը վառ, վարսը ոսկի, ինչպէս արեւն է ճաճանչում.
Ռոմանտիկ է, անրջական, բայց եւ արդի, բայց եւ արթուն,
Արդի, սակայն՝ նուրբ, դասական, ինչպէս ուռին շքեղ հանդում.
Զարմանալի՜ հմայք ունի, յոյս, հաւատ, սէր է ներշնչում,
Երանի՜ է նրան ով որ նրան մօտկից է ճանաչում.
Առաւել է երանելի, ով իշխում է նրա սրտին,
Նա կարող է արդէն երդւել, որ տիրում է ո՜ղջ դրախտին…
Ծաղկազարդ
20.3.99
ԻՄ ՄԱՐԻԱՄ, ՄԱՐԻ
Երբ սիրոյ հարցում խորտակւեցի խիստ,
Երբ կեանքս մթնեց ու մնաց թերի,
Արդէն ճզմում էր, ճզմում բախտը բիրտ,
Ու ես քեզ տեսայ, իմ Մարիամ, Մարի…
Բայց մինչ այդ մթնում աստղն աչքով արեց,
Լուսինը ասաց՝ քիչ էլ համբերի.
Զեփիւռն շշնջաց՝ իմ պարո՜ն, իմ մե՜ծ,
Ու ես քեզ տեսայ, իմ Մարիամ, Մարի…
Բայց մինչ այդ շողիկն թէ՝ լա՛ւ կը լինի,
Արեւիկ կը գայ, բնաւ չես սառի,
Վառ արփին ասաց՝ կը տամ վառ գինի,
Ու ես քեզ տեսայ, իմ Մարիամ, Մարի…
Երախտապարտ եմ ես բոլոր նրանց,
Աստղ, լուսին, զեփիւռ, երազիկ բարի,
Նրանց, որ դո՛ւ ես՝ վառ փունջը կանանց.
Ու ես քեզ տեսայ, իմ Մարիամ, Մարի…
9.7.96
ՆՈՅՆԱՑՈՒՄ
Ի՛նչ խօսք՝ սիրուն է Երեւանն անբաւ,
Ի՛նչ խօսք՝ սրտիս մէջ յաւերժ կը մնայ.
Այս ողջ աշխարհում ոչ մի տեղ բնաւ
Նրա հմայքն ու համը չի ունենայ։
Ի՜նչ խօսք՝ ահաւոր գեղեցիկ ես դու,
Ինչ խօսք՝ անխնայ՝ առինքնող, ջահէլ.
Այս ողջ աշխարհում, գիտցիր աներդում,
Ոչ ոք չի գերի ինձ քեզնից աւել…։
. . . . . . . . . . . . . . . . . . . .
Այն օրւանից երբ ապրում ես այնտեղ,
Իմ սիրտն այլեւս կտրել է արիւն.
Դու Երեւանով աւելի ես շքեղ,
Երեւանն քեզնով աւե՜լ է սիրուն…
25.10.97
ՄՈԳԵԿԱՆ - 2
Բոյրերը յաճախ
Մեզ բան են յուշում.
Ինչ-որ ճանապարհ,
Ինչ-որ մայրամուտ,
Յուշում են ինչ-որ
Աչքեր՝ մշուշում,
Ինչ-որ երգի տող,
Գորովանք ու գութ։
Բոյրերը յաճախ
Յուշ են մշուշում,
Ինչ-որ անտառում
Արմատ կամ կեղեւ,
Որը փակւել է
Թանձրաշերտ փոշում,
Բայց յանկարծ վրան
Տեղում է անձրեւ…
Տեղում է թեթեւ,
Մաքրում է փոշին,
Անտառի բոյրը
Քեզ բան է յուշում,
Մտաբերում ես
Արդէն ուրիշի,
Որը նա է, բայց
Ուրի՜շ մշուշում…
8.12.90
ՄՈԳԱԿԱՆ - 1
Իրիկնամուտ է։
Եւ վառւող բոլոր ճրագների հետ,
Ինձ մէջ խաղում է զով կանաչաւուն,
Որ մի աղջկայ աչքի գոյնն ունի…
Իրիկնամուտ է,
Եւ այդ աղջիկը այնքան է լաւը,
Որ մտածում ես՝ լոկ նրա համար
Կարժի հանդուրժել
Աշխարհի ամբողջ կրակն ու ցաւը։
Իրիկնամուտ է։
Սրսփաց պահը,
Սառեց աշխարհը,
Մարեց մեծ ջահը,
Կուտակւեց ամպը,
Ու վառւեց ինձ ու նրան բաժանող
Տարածութիւնը քիչ լուսաւորող
Մեն-միակ լամպը,
Որ թէ բարի է,
Թէ խիստ անգութ է…
Իրիկնամո՜ւտ է։
13.6.90
ԿԾԻԿ
Քեզ ասացի՝ մի՛ գնա, վերադարձել ես, բարի՜,
Լուսաբաց է քեզ համար, թերեւս մեզ… չորս տարի…
Քեզ չսիրել չեմ կարող, մեղքս պատմիր լոկ բարձին,
Բայց ողջ աշխարհ է սպասում հարկադրեալ իմ դարձին։
Դու գնացիր ու եկար, աշխարհների՜ այցելու,
Ինձ ժամ չեղաւ քեզ նոյնիսկ թաքնաթաքուր լացելու.
Դու աշխարհից ես գալիս, ոչինչ տխուր չես ասում,
Իսկ ես ուրախ չեմ գնում, ինձ աշխարհ ցա՛ւ է սպասում։
Գուցէ ասում ես՝ գնա, զի մնալս բան չարժի.
Չեմ ասում՝ ես քաշեցի, քիչ էլ հիմա դու քաշիր.
Մենք է՛ն գլխից ենք կտրել նուրբ թելը մեզ միացնող,
Դրա համար ենք անցնում իրար կողքից որպէս զով…։
Գուցէ մի օր հանդիպենք աշխարհի այլ փողոցում,
Հանդիպումն այդ մեր թելին բերի մի նոր հանգուցում.
Այնպահ կասես՝ ասացի գնա՛, ինչո՞ւ ետ դարձար.
Ես էլ կասեմ՝ աշխարհ է, թելի կծիկ բազմածալ…
2.2.94
ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ասաց՝ «օձ եմ»,
ասցի՝ «խայթի».
Ասաց՝ «բոց եմ»,
ասցի՝ «ճայթի»…
Անցաւ գիշեր մի գալարուն.
Թոյնը փոխւեց
Սրսուռ ցօղի,
Բոցը՝ մի թաց առաւօտի։
Ասաց՝ «հով եմ»,
ասցի՝ «պարի».
«Հրէ ծով եմ»,
ասցի՝ «այրի»…
Անցաւ գիշեր մի լպրծուն.
Մութը փոխւեց
Կապոյտ շողի,
Ինքը՝ կանաչ, կանա՜չ ծառի…
16.6.98
ՁԻԹԵՆԻ
Քո տաք շրթերի գոյնը
Կարմրաշէկ
Սրտիս արիւնն է կաթեցնում
բուռ-բուռ…
Սատափ իրանիդ՝
Ստինքներդ նուռ
Ժայթքում են որպէս
Լուսէ կաթնաղբիւր.
Քո մարմնի բոյրը
-Խունկ ու ձիթենի,-
Կարող է վառել
Հազարմէկ տաճար,
Որտեղ ծնկում են
Քրմերը բոյլ-բոյլ,
Բայց չեն գտնում
Քեզ մի պահ տիրելու
չափ՝ կեանքի՜ պատճառ…
Իմ արեւակէզ,
Իմ մշտադալար։
20.9.89
ՍԷՐԴ ՆՄԱՆ Է… Բ
Սէրդ նման է… վառ ծխախոտի,
Թէ ծխեմ՝ պիտի ներսս յօշոտի,
Թէ նետեմ՝ պիտի դառնամ «դաւաճան»
Ոտնատակ անեմ՝ դառնամ սիրասպա՜ն…
Այսպէս, բոցը միշտ
Մօտն է իմ մատի,
(Ո՛չ միայն մատի,
Այլ նաեւ՝ սրտի՜),
Ոչ միայն բոցը, հնո՛ցը ասա,
Սովոր՝ երազիս ցախին ու փայտին։
Սէրդ նման է վառ ծխախոտի…
10.8.93
ՍԷՐԴ ՆՄԱՆ Է… Ա
Սէրդ նման է, ախ, ծովի ջրի,
Շա՜տ է, անսահմա՜ն, բայց նաեւ՝ աղի՛.
Եթէ չխմեմ, ծարաւ կը մեռնեմ,
Թէ խմեմ, պիտի աղից ծարաւեմ.
Ասա ի՜նչ անեմ.
Այսպէս չծաղկած, ինչպէ՜ս թառամեմ…
9.8.93
ԽԱՐՈՅԿ
Սիրոյ մէջ պարտւելն
Պոէտի համար
Հաւասար է իր
Ամենապայծառ
Երգը նետելուն
Խարոյկի մէջ վառ..
Այնտեղ մնում է
Մի բուռ մոխիր սառն,
Մինչդեռ հոգու մէջ՝
Հրդեհի՜ անտառ… Հրդեհի՜ անտառ…
23-24.1.90
«TENACITY»
(Յամառութեան շոգենաւ)
Ձեր փողոցը մի նաւ է ջահերով,
Որ ամէն գիշեր տանում է եւ քեզ.
Ես մոլորւում եմ այնտեղ ժամերով,
Որ լսեմ վերջին սուլոցն աղեկէզ։
Ու մեկնում ես դու նաւին երազի,
Ու ճամբորդում ես ժամանակից դուրս,
Որպէսզի ինձ գան երազներ այցի
Ու բերեն ինչ-որ հանդիպումի յոյս…
Մշուշ է ելնում ջահերից երկար,
Լոկ լռութիւնն է մայթերը քերում,
Ինձ թւում է՝ դու այս անգամ եկար՝
Զի փողոցը կայ իր իսկ ափերում։
«Նաւ»-ից վաղը պիտ ճամբորդներ իջնեն,
Առնեն ու ծախեն ապրանքներ չնչին,
Իսկ ես պիտի ողջ գիշերը շրջեմ,
Որ լսեմ նրա սուլոցը վերջին…
Դու չկաս, բայց քեզ նաւը պիտ տանի,
Քո հուրը, թոյրը, բոյրը վերջապէս.
Եւ այսպէս քանի՞ գիշեր, դեռ քանի՜,
Պիտի թողնի ինձ եւ տանի լոկ քե՛զ…
24-27.1.90
Ձեր փողոցը մի նաւ է ջահերով,
Որ ամէն գիշեր տանում է եւ քեզ.
Ես մոլորւում եմ այնտեղ ժամերով,
Որ լսեմ վերջին սուլոցն աղեկէզ։
Ու մեկնում ես դու նաւին երազի,
Ու ճամբորդում ես ժամանակից դուրս,
Որպէսզի ինձ գան երազներ այցի
Ու բերեն ինչ-որ հանդիպումի յոյս…
Մշուշ է ելնում ջահերից երկար,
Լոկ լռութիւնն է մայթերը քերում,
Ինձ թւում է՝ դու այս անգամ եկար՝
Զի փողոցը կայ իր իսկ ափերում։
«Նաւ»-ից վաղը պիտ ճամբորդներ իջնեն,
Առնեն ու ծախեն ապրանքներ չնչին,
Իսկ ես պիտի ողջ գիշերը շրջեմ,
Որ լսեմ նրա սուլոցը վերջին…
Դու չկաս, բայց քեզ նաւը պիտ տանի,
Քո հուրը, թոյրը, բոյրը վերջապէս.
Եւ այսպէս քանի՞ գիշեր, դեռ քանի՜,
Պիտի թողնի ինձ եւ տանի լոկ քե՛զ…
24-27.1.90
ԱՆՁՐԵՒՈՏ ԵՐԱԶ
Կինօ էր, գիշեր,
Փողոց էր ու շէնք.
Ես էի ու նա
Անցա՜ծ երազում…
Մահճակալ էր, սէր,
Լամպի լոյս էր թեք.
Ես էի ու նա
Առկայծ երազում…
Կէս գիշեր էր ջերմ,
Իմ «Մայեան էր մերկ»,
Ես էի ու նա
Մի բաց երազում։
…Է՛լ լուսաբաց էր,
Անձրեւ էր անղեկ.
Ես էի ու նա
Մի թա՜ց երազում…
11.11.03
ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ…
Այս պատմութիւնը
Կարծես պատմել եմ.
Անձրեւի դիմաց
Անձեւ պառկել եմ,
Վերջերգս գրել,
Բայց եւ պատռել եմ,
Կեանքն արհամարհել,
Ուստի — պատւե՜լ եմ…
… Գոյներն թանձրացել,
Բայց մեղմանում են,
Հոգիս ցաւացել,
Բայց մեղքանում եմ…
Իմ դիմադրութեան
Դիմաց պարտւել եմ,
Ուրեմն…Կարծես…
Քեզ կարօտե՜լ եմ…
Այս պատմութիւնը
Կարծես պատմել եմ։
21.2.91
BOULEVARD
Շոյում է, հոգիս
Հին ջրհորդանից ջրի թաւալւող կաթիլի նման,-
Անյայտ մի թախիծ.
Չէ՞ որ եղել ես՝ ինձանից առաջհրդեհ քաղաքում
Ու մի երեկոյ
անցել անպայման
Բուլւարից՝
Թերեւս իրական, անգո՛յ,
Պարտէզից, որպէս կորուսեալ մշուշ,
Ուրի՜շ վայրերից, երբ իջել է ձիւն…
Ուրիշ մայթերից, երբ եղել է ուշ…
Թեհրանը դատարկ է, Թեհրանը կոպիտ,
Սակայն շոյում է երբեմն փոքրիկ
զգացման մի թեւ՝
մարմինս,
- հոգիդ։
7.7.83
ԶԵՂՈՒՄ
Ախ, սէրս, սէրս, տէրս ու անտէրս,
Հեզ համբերողս, մեծ անհամբերս.
Նարօտիս գոյնը,
Կարօտիս բոյնը,
Աշնան գարունը, դալար ձմեռս։
Ախ, սէրս, սէրս, լեռնացած բեռս,
Թռիչքիս թափը, թեթեւ թեւերս,
Իմ առաւօտը,
Ցուրտ օդն ու տօթը,
Խուլ ներքնայարկս, երկինք-եթերս։
Ախ, սէրս, սէրս, իմ դեւն ու դերս,
Իմ վառ հարթակն ու մութ քուլիսներս.
Հեղեղիս հունը,
Հրդեհիս հուրը,
Ինձ խորտակողն ու փրկարար ձեռս։
Ախ, սէրս, սէրս, կտրիր ցաւերս,
Կառուցիր շէնքս, սարքիր աւերս,
Հանիր ահերս,
Վանիր մահերս,
Ու ինձ տար մինչեւ
կանաչ արեւս…
Ախ, սէրս, սէրս,
Ծառաս ու Տէրս…
10.8.95
ՍՐՃԱԳՈՅՆ ԿԱՐՕՏ
Կարօտում եմ այն անձրեւոտ օդին,
Որտեղ բոյրդ կար, բայց դու չկայիր.
Կարօտում եմ այն նկուղին մթին,
Որտեղ հուրդ կար, բայց դու չկայիր.
Կարօտում եմ այն սրճարանն, որտեղ
Կարծես քեզ տեսայ—շւաք էր, աւա՜ղ,—.
Կարօտում եմ այն սրճի գաւաթին,
Ուր համբոյրդ կար, բայց դու չկայիր…
28.11.94
ՓԻՐՈՒԶԱՓԱՅԼ …
Շուրջս յաւիտեան գիշեր է խաւար
Սա քաո՞ս է, թէ՞ անխօս երազ է.
Դու լռութեան մէջ
Այս անծայր, անծայր
Շունչ, իմաստ ու գոյն, լոյս ես
փիրուզէ:
Առարկաները ննջում են անսէր,
Ոչ ոք չի խզում
Անդորրը նրանց.
Ձայն չտաս՝ կապրի նինջն այս դարե՜ր.
Կապրի՞, բայց ո՛չ, սա
Մա՛հ է արդարին՝
Վախճան է ի սպառ։
Քո հայեացքը այն կապոյտ գիծն է ձիգ,
Որ ասեղի պէս
Կարում է իրար՝
Մութի թելերն ու ծւէնները՝ պիրկ,
Որպէսզի յուշը
չմնայ թշւառ։
Որպէսզի մարդը նայի հայելու մէջ,
Տեսնի իրեն ու՝
Մի քիչ կեանք պայծառ.
Որպէսզի մարդը
Նայի խաւարին
Ու զգայ՝ սիրոյ մոմը տաք է, վառ…։
Պատերին վահան, թուր, սակր ու տապար,
Անկողնում՝ դիմակ,
Կախիլին՝ վարսեր.
Այս ինչ՞ է եղել աշխարհին արար,
Այս ու՜ր են գաղթել
Կեանք, ժպիտ ու սէր։
Այդ ո՜ւր մեկնեցին կարապները կաթ,
Որտե՞ղ թխսեցին տատրակները հէգ.
Այդ որտե՜ղ լրւեց լուսինը արծաթ,
Որտե՞ղ փշրւեց
«Երգ»-ը հրաշէկ…։
…Եւ այս բոլորի, բոլորի՜ համար,
Կրկնւող լոյսի, խաւարի համար,
Այս աշխարհ կոչւած մոլորի՝ համար,
Մենք այլեւս պիտ…չսիրե՞նք իրար։
. . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . .
Շուրջս յաւիտեան մի մութ երազ է.
Դու շունչ ես, իմաստ, գոյն ես փիրուզէ…
15.5.03
ՍՐՏԻ … ՔԱՂՑԿԵՂ
Այդ ամբարիշտը,
(Քաղցկեղ-խլիրտը)
Ինչպէս որ գիտէք՝
Անբուժելի է
Իր տարածւելով.
Իսկ ես հիւանդ եմ
Քաղցկեղով… սրտի.
(Փառք Աստծոյ, որ
Ա՛յդ սորտի մասին
Ոչ ոք չգիտի,)
Սրտումս միայն
Տարածւում է
Սէր,
Հետն էլ պատւաստը՝
Թախիծ-կարօտի…։
Դրա՛ համար եմ մնացել ոտի
Ու չեմ նմանում ոչ մի հիւանդի,
Չնայած վաղո՜ւց
Ջլատել է ինձ՝
Խլիրտը սիրոյ—.
Քաղցկեղը սրտի…
16.3.96
ԿԻՐՔ
Օ, ցնո՞րք էր, թէ՞ երազ,
Մեղքի կապոյտ կիրակի.
Այտերիդ ջերմը՝ յովազ,
Ընկած խուրձերն կրակի։
Բարկ թոնի՞ր էր, թէ՞ մահիճ,
Վարդեր՝ վառւող վերմակին,
Ծաղկունք չարի ու անխիղճ,
Օծւած ցօղով քրտինքի…։
. . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . .
Ներսում վայրկեան էր անփակ.
Երա՞զ, ցնոր՞ք յաւերժի.
Դրսում անձրեւ էր, կայծակ,
Որ կրակն այդ շիջի…
1.5.03
ՄԵՂՔ
Խիստ սեղմել եմ կողն ու մէջքը
Մի պչրուհու՝ ինձ գերի.
Գինետուն է ահեակ շէնքը,
Իսկ աջը՝ որմ տաճարի։
Ձախ սիւնն ի վեր մեր ստւերը
Սատանան է օրօրում,
Իսկ աջ պատին ինքը Տէրը,
Մեր պսակն է կատարում։
Գինետան մէջ արուները
Տիկն են պատռում ծիծաղի,
Իսկ տաճարում ուրուրները
Ժամերգում են կատաղի։
. . . Աջ ստւերում նա ինձանից
Հաղորդութիւն է առնում,
Իսկ ձախ պատին Չարը խանդից
Գալարւում է ու ոռնում։
Ստւերները պատ են փոխում
(Դա պտոյտն է աշխարհի),
Սենեակի մէջ ծուխն է սողում
Խնկի, էժան սիգարի….
. . . Առաւօտի թաթն է բացւում
Ստինքն ի վեր իմ հիւրի,
Աղունիկի թեւն է բախւում
Կողքի փայտէ կտուրին…
Հայկաշէն 3.3.88
18.3.88
ՍՊԱՌՈՒՄ
Իրիկւայ մէջ, իրիկւայ հետ
Պիրկ ծիծերըդ քամէի
Ու նրանց հուր բոյրը անհետ
Իրիկունին խառնէի…
Քամին սուրար կարմրաբերան,
Իջնէր դեղին ծաղկունքի.
Ես թեքւէի ծոցիդ վրայ,
Ճեղքէի Աղը մեղքի…
Ու այդ աղով յագենայի,
Համ բերէի հում օրիս,
Կամ պարզապէս… կուրանայի,
Արիւնելով թեւ ու վիզ…
Միայն ճակտիդ բիւրեղն այրւէր
Մոմի նման, կակաչի,
Նրա բոցով վերածէի
Ամէն ինչը՝ Ոչինչի…
28.7.88
ՀԱՆԴԻՊՈՒՄ
Բողբոջափթիթ ու տերեւախիտ
Ճիւղերում երկար նայեցինք իրար,
Նա իմ, ես էլ վառ շրթունքներից իր
Շնչեցինք հուրի հեւքը բոցավառ.
Այնտեղ չհասաւ ոչ մի արահետ,
Ոչ մի նաւ չանցաւ կողքի լճակով,
Լոկ կիրակնամուտ իրիկունի հետ
Վերացանք մօտիկ վանքի զանգակով։
Յունիսը պարզեց յուռութներն իր
Նրա հոլանի թեւերին յուռթի,
Իր կապտակրակ ստւերները հիր
Դրեց ճակատի լոյսերին անթիւ…
Այնուհետ անցան իմ կրծքի միջով
Կարմիր նախիրներ, որոտող, վայրի,
Երբ որ իրանը փակեցի աջով,
Այդպէս յենւեցի փչակոտ ծառի.
-Լսի՜ր, քեզ պատմեմ մէկ հատիկ հեքիաթ,
Որ կամարւել է երկնքների հետ,
Մինչեւ անձրեւի նւագը ընդհատ
Եւ թափւել պղտոր, կարմրակաւ մի գետ…
Ու նուռում, լսիր, ճմլւող հատկաց
Արիւնոտ ճիչը սուր ու վայրենի,
Որ թրատում է կեղեւը յանկարծ,
Դառնում վայելքի տեսիլք կենդանի։
. . . . . . . . . . . . . . .
Շէկ կայծակ փայլեց ամպերի ծոցում,
Լճակը դարձաւ չհալւած պղինձ,
Նոյնացանք, բայց ցաւ զգացի մի ցուրտ՝
Նա յաւերժացաւ, սակայն… առանց ինձ…
1.5.84
ԳԱՆԳԱՏ
Աւերւած եմ հիմա, աղջիկ,
Բոյսի, շորի, վանքի պէս.
Քեզ յո՞յս ասեմ, լոյսի ծաղի՞կ,
Թէ՞ իմ ամբողջ կեանքի կէս։
Մոլեգնում է հիմա հոգիս
Այս բովանդակ երկնի դէմ,
Թէ ինչո՞ւ ինձ տւեց կարիք,
Յագեցում՝ ո՛չ պարզապէս։
Ես որ մի օր իշխա՜ն էի,
Ունէի հանդ, մարգ ու սէզ.
Ինչո՞ւ կրկին երաշտ տեսայ,
Չմնաց գէթ փոքր պարտէզ։
Ես որ մի օր արքայ էի,
Ունէի սիրտ՝ մի բանակ,
Ինչո՛ւ յանկարծ ցանցառւեցի
Կիզւած ծառի հանգունակ։
Ես որ մի օր գալիս էի
Ձեր քաղաքը այրելու,
Ինչո՞ւ յանկարծ դարձայ ոչինչ՜
Ստւերում մի այցելու…
Ես որ մի օր արձան էի,
Քանդակւած՝ խիստ խրոխտ, վէս,
Ինչո՞ւ յանկարծ քանդռտւեցի
Բոյսի, շորի, ծաղկի պէս…
«Դրա համար, իմ աչքի լոյս,
Որ քո կեանքի կէ՛սն եմ ես.
Երբ որ լրի՜ւ կեանքդ դառնամ,
Այնպահ կապրես իսկապէս»։
5.10.95
ՍԻՐԱՀԱՐՈՒԹԻՒՆ
Ամէն ինչ լաւ է՝ ներդաշնակութիւն,
Սենեակը պայծառ ու ծաղկի մեղմ հոտ.
Ամէն ինչ ունեմ, թէ՝ կեանք, թէ՝ շէն տուն.
Միայն նեղում է անհոտ մի կարօտ։
Ելնում եմ պատշգամբ, մեղմիւ իրիկուն,
Թափանցիկ աշուն, թէկուզ ձմռան մօտ.
Պէտք չէ որ շարժում, ոչ շունչ, ոչ էլ գոյն,
Սակայն ճնշում է մի գունեղ կարօտ։
Մտնում խոհատուն, սրճեփը դնում,
Սուլում եմ սիրերգ ու կախում եմ ոտ,
Համեմների համը հագագս է հինում,
Հոգիս է հանում մի անհամ կարօտ։
Վերջը անկողին-դիւան եմ մտնում,
Որքան երազներ մինչեւ առաւօտ.
Որքան խաղաղ է, պիտ մտնել խոր քուն,
Բայց մորմոքում է մի անքուն կարօտ…
3.1.96
ՇԱՌԱՒԻՂ
Այդ ի՞նչ շաւիղ էր, որ բացւեց յանկարծ,
Չէ՞ որ օրերիս ճաղերն փակ էին,
Ու թւում էր թէ անցել են անդարձ
«Սիրոյ մրմունջի» պահերն մտերիմ։
Այդ ի՞նչ շաւիղ էր՝ բացւեց խաւարում,
Թէկուզ ակնթարթ, թէկուզ կարճ ու սին,
Բայց հանց սրսկիչ ներարկեց արիւն
Իմ երազների ցամաք երակին։
…Այն մի շաւիղ էր քաղաքի վրայ,
Բայց անտառային սօսափով լեցուն,
Ես էի, մի կին, ու զովն իրիկւայ,
Որ հրոտ բան էր ականջիս ասում։
Ես էի, մի կին, ու զովն իրիկւայ,
Կեանքը թւում է երա՜զ իրացած.
Խաւար էր իջնում քաղաքի վրայ,
Ու շառաւիղը կորչում էր անդարձ…։
23.11.95
ԽԵՆԹ ՎԱՐԴԵՐ
Ծիծերիդ հետքը ափերիս վրայ,
Վառւում է այրւող արիւնի նման.
Ծոցիդ մեղմ բոյրը խենթ ու անխնայ
Գուժում է մի կեանք… աւետում մի մահ…
Մի կեանք առանց քեզ՝ առանց արեւի,
Մի կեանք քեզանից յետոյ, ախ, յետոյ,
Մի մահ, որ պիտի հասնի ու տեւի
Քո գիրգ գրկի մէջ, ոտներիդ ներքոյ…
Այրւող ձեռքերով փեղկերն եմ բացում,
Դրսում լացում է անձրեւ մի մթին.
Մերկ պարտիզակն է դողդոջում ցածում,
Յիշելով իր խենթ վարդերը դեղին։
14-15.12.68
11.2.89
ԵՐՐՈՐԴ ԱՉՔ
Ինը տարի է անցել այն օրից,
Որ քեզ մերժեցի վճռակամօրէն.
Եւ դա՞ր է անցել, տարի՞, թէ՞ մոմենտ`
Չեմ կարող ասել,
Չեմ կարող ասել,
Զի այնուհետեւ
ԺԱՄԱՆԱԿ չկայ,
Այլ կան լոկ ժամեր.
Կան միայն ժամեր՝
ծանր, կամ թեթեւ,
Եւ, փառք Աստծոյ,
Որ ինչպէս մարդուս,
Կենդանու դէմքին
Լոկ երկու աչք կայ՝
Իմ ժամերի մէջ
Երրորդը,- ասենք՝ միջակը.- չկա՛յ.
Իսկ եթէ լինի
Աչքն այդ երրորդ,
(կամ ժամը միջին)
Պիտ մտաբերել
Կուռք մի կիկլոպայ,
Կամ հրէշային…
Իմ երրորդ աչքը,
Ասա, ին՛չ անի,
Երբ քո երկուսով
Կազմում է միայն
Մի եռանկիւնի,
Որի ամէն մի
Կողքը մի 3,
Իսկ երեք անկիւնն
30՞ ունի
(երեք 3-ը հաւասար է մի
Հասարա՜կ 9-ի)…
Ինը տարի է
Անցել այն օրից,
Որ քեզ մերժեցի,-
Քեզ, իմ ինքնագոհ.-
Եւ չեմ կասկածել
Դրանից յետոյ,-
Բայց չեմ կասկածել՝
Ուղեղո՛վ, մտքո՛վ,
Իսկ դու, ծանօ՞թ ես
Այս սիրտ կոչւածին,
Այս արարածը,
Այս անաստւածը
Ինչպէ՜ս է կարող
Ապրել առանց լաւ
Ու չար կասկածի։
Եւ քանի որ դու
Ծանօթ չես բնաւ,
Եւ քանի որ դու
Եկել ես իրաւ
Երազիս,
Այն էլ վերջե՜րս միայն,
Եւ քանի որ դու
Գիտե՛մ, չգիտես՝
Գէթ թւականը
Հէնց մեր բաժանման.-
Էլ ինչո՞ւ ես ինձ
Երբեմն նեղում,
Որպէս խղճի կանչ,
Թէ՝ ինչո՞ւ եմ քեզ
Մէկընդ միշտ մերժել
Սրանից ինը
Տարիներ առաջ…
Ասացի քիչը,
Իսկ մնացեալը
Ինքդ վերյիշիր
Ու էլ մի ճնշիր
Ինքնամտրակման
Երկաթէ ճիչը՝
Ամենաճիշտը։
12-13.9.88
ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ
Թղթերիս միջին
Երբեք չբացւած
Նամակ եմ գտնում.
Դա «հրաւէրն» է
Մի լաւ աղջկայ,
Որ կորաւ մթնում։
Յուշի բանակն է
Անառի՜կ սրտիս
Դարպասը քանդում,
Բայց փոքր նամակը
Էլ ծրարի մէջ
Կարծես չի մտնում…
Զատիկ
31.3.91
ԱՅՍՊԷՍ Է ԼԻՆՈՒՄ
Այն խօսքը, որ պիտ
Գրեմ քեզ հիմա
Պիտի զգայիր…համբոյրով միայն.
Աչքերիդ մասին խօսելու փոխան,
Պիտի ցոյց տայի
Այս գարնանային ծառերի գոյնը։
Կարօտիս հուրը պիտի բացատրեմ,
Բայց թէ տեսնէիր
Արեւի փայլը՝
Ապակիներին
այս պողոտայի,
Որ մեզ պիտ տանէր
Երազի տունը…
Երազի մասին պիտի գրեմ քեզ,
Բայց ի՛սկ երազը պիտի տեսնէիր,
Երբ որ չէր տանի
Երկուսիս քունը…
Այսպէս է լինում,
Որ անց է կենում
ամառ-աշունը,
Այսպէս է լինում,
Որ անց է կենում
ձմեռ-գարունը,
Որ թաւալւում է ժամանակը խենթ,
Բայց չի վերջանում
Այս պատմութիւնը…
Այս պատմութի՜ւնը…
19-23.5.89
ԶԱՐՄԱՆՔ
Ես զարմանում եմ
Սիրոյ անսքօղ հրաշքի վրայ,
Չնայած վաղուց էլ դադարել եմ
Ոչ թէ սիրելուց,
Այլ՝ զարմանալուց։
Ես զարմանում եմ
Սիրոյ ոսկերանգ կրակի վրայ,
Չնայած վաղուց էլ դադարել եմ
Ոչ թէ այրւելուց
Այլ՝ ջերմանալուց։
Ես զարմանում եմ
Սիրոյ ներդաշնակ նւագի վրայ,
Չնայած վաղուց էլ դադարել եմ
Ոչ թէ լսելուց,
Այլ՝ վերանալուց…։
Ես զարմանո՜ւմ եմ…
Իսկ երբ կարող եմ այսպէս զարմանալ,
Ուստի կարող եմՆաեւ ջերմանալ,
Նաեւ վերանալ
Ու աստեղահա՜ս իմ բարձունքներից
Գոչել աներկբայ ու լիաբերան՝
Ես զարմանում եմ
Սիրոյ անսքօղ հրաշքի վրայ…
28-29.7.99
ԵՍ ՄՈԻԹ, ԴՈՒ ԱՐՓԻ
Իմ ու քո միջեւ՝ մի աշխարհ տարածք,
Իմ ու քո միջեւ՝ գիշեր ու ցերեկ.
Դու՝ աշխարհի մաս, ես՝ հողմի տարած,
Դու՝ վաղ, ես՝ երէկ։
Իմ ու քո միջեւ, մի բարդ առեղծւած,
Իմ ու քո միջեւ «պար» ու «եղերերգ».
Ես քո պարի մաս, դու՝ երգի զանգւած,
Դու ռիթմ, ես տարերք։
Մեզ բաժանում է մի գինեգոյն թաս,
Թող լերկ գիշերը մեզանով հարբի.
Իմ ու քո միջեւ մի մերկ լուսաբաց,
Ես՝ մութ, դու՝ արփի։
29.6.96
ՈՒՐՒԱԿԱՆ
Գիտեմ՝ վաղը, երբ ճերմակեն արդէն մազերս արծաթ,
Իմ երգը գրկած մի աղջիկ պիտի գիշերը լացի.
Նա պիտի յուշի քո այն հեռաւոր օրերը անցած,
Երբ որ իմ դիմաց փակեցիր բոլոր դռները դարձի…
Նա պիտի լինի քո մանրակերտը, որ էիր այսօր,
Նա պիտի քեզնից ինչ-որ երանգ ու բուրմունք ունենայ.
Պիտի ջերմ սիրոյ հեռու նշոյլը երազի անզօր,
Ինձ համար՝ ոչինչ, բայց մէկի համար պիտի դառնայ նա։
Եւ երբ իմ անւամբ նա իր «անանուն» նամակը ղրկի,
Ինձ պիտի թւայ՝ քեզնից եմ առնում ուշացած բացիկ.
Իմ ուրւականը պիտի քո-նրա գրածը գրկի
Ու ցամաք աչքս պիտի ձեզ վրայ հեկեկայ, լացի…
21.2.89
ՍԱԿԱՅՆ ՈՉ ՀԻՄԱ…
Չէի ուզում քո հայեացքը քաշել,
Բայց կարծեցի դու հէնց նա ես, հէնց նա…
Որ տարածութեան մշուշը մաշել
Ու հասել ես ինձ, դարձել ես ներկայ…
Չշփոթեցիր ինձ ուրիշի հետ,
Այդ լոկ ես էի՝ այրամարդ մի խորթ,
Որ քիչ յետոյ պիտ հեռանար անհետ,
Դեռ չհանդիպած՝ դառնար անծանօթ։
Սակայն այս մէկը ես հաստատ գիտեմ՝
Դու չէիր, բայց եւ կը դառնայիր նա,
Թէ ինչ-որ մի տեղ գայինք դէմ առ դէմ,
Սակայն ոչ այստեղ։ Սակայն ոչ հիմա։
6.3.89
ՁՄԵՌՆԱՄՈՒՏ
Մի պղտոր երկինք ու գորշ մի անձրեւ
Մօտալուտ ձմռան գալուստն է գուժում.
Սէրդ ինձ թւաց ոսկեղէն արեւ՝
Անձրեւանոցի կոճակ էր մուժում։
Թաց տերեւի թուփ ու ամպի ծւէն,
Իջնող իրիկւայ գալուստն են գուժում.
Կարօտդ թւաց՝ ստւեր, ապաւէն՝
Սեւ հովանոցի փայլ էր մշուշում…։
Պարապ պողոտայ ու հորիզոն սեւ,
Ոչինչ-ից մինչեւ ոչինչ-ն են յուշում,
Պղտոր մի երկինք ու գորշ մի անձրեւ
Մօտալուտ ձմռան գալուստն են գուժում։
18.11.02
ՉԷ՛… ՄԻ՛…
Ձմեռն արդէն, էլ շատ է սառել.
-Ինչպէս՝ ասացիր, սէր-գուշակուհի-,
Իբր հրաժեշտի դառն պահ է դառել,
Վերջին շշունջով խնդրում եմ՝ չէ՛… մի՛…
Կեանքի կարիճը խստիւ է խայթել,
Չկայ խաղաղ ժամ, նոյնիսկ վայրկեան մի.
Անուրջի շալը դառել է թել-թել,
Գուցէ կտրւի, հեւում ես՝ չէ՛… մի՛…
Սեւ նայւածքները էլ շատ են վառել,
Սեղմ շղթաներին դարձել ենք գերի.
Երբեմն ուզում ենք մաշկներս վանել,
Հատւող ջիլերով թօթւում եմ՝ չէ՛… մի՛…
Ցաւը այնքան է դիմակը պատռել,
Խաւարը դարձել՝ արեան թշնամի,
Որ երբ ուզում ենք՝ մենանա՜լ, փարւել…
Դողում, սարսռում, հեգում ես չէ՛… մի՛…։
Երբեմն ուզում եմ «խաչն» այս աւարտել,
Ասում եմ՝ մեղք է, արարք ամեհի,
Ու «մէկ հարւածով» ամէն ինչ կտրել,
Սակայն խենթ հոգիս ճչում է՝ չէ՛… մի՛…
24-25.12.02
ԽԱՂԱՂ, ԴԱՆԴԱՂ. . .
Գիշերագոյն ծաղիկները
Դնում եմ ծաղկաւոր վերմակիդ եզրին,
Երազագոյն ծաղիկները
քաղում գիշերից խաւար
Սպիտակ` անգոյն ծաղիկները տալիս եմ
քո գունէղ երազին,
Որ սպիտակ սաւանին նիրհես
ծաղկի պէս խաղաղ:
Տեսնու՞մ ես
Ինչպէս է փոփոխւում
«կեանքը միապաղաղ»,
Սիրոյց.
Ինչպէս ես ծլարձակում կրկին,
Դու կին,
Դանդա~ղ,
դանդա~ղ,
դանդա~ղ. . .
16.06.03
«COFFEE SHOP»
Այնտեղ ուր դու կաս,
Հիմա լաւ սուրճ կա՞յ.
Իսկ իմ այս սուրճը,
Քո ջերմ բոյրն ունի։
Այնտեղ ուր դու կաս,
Հիմա շշունջ կա՞յ.
Իսկ խշխշացող
լուսամուտն այս
Քո գոյնն ունի։
Այնտեղ ուր դու կաս,
Կարօտ կա՞յ հիմա.
Թէ չկայ, նայիր՝
ծովին,
երկնքին,
ծառին առաջին,
Մատղաշին գարնան.
Իմ կարօտը քեզ,
Հիմա այդ ծառի
թարմութիւնն ունի։
23.5.04
Շեմիրան
ՄԻԱՅՆ ՔԵԶ ՀԵՏ Է
Օրերը ցուրտ են, անլոյս ու մռայլ,
Հողմերը շատ են ու կեանքը փխրուն.
Իսկ դու այստեղ չես, ափում ես մի այլ,
Միայն քեզ հետ է, որ ես չեմ տխրում։
Ոչ իրար մօտ ենք մենք հանգիստ գտնում,
Եւ ոչ իրարից բաժան եւ օտար.
Ասա՝ որտեղ է բախտը մեզ ժպտում,
Գուցէ երազում, կարօտում այս վառ։
Նոյն սրճարանն է նորից մղկտում,
Սակայն այս անգամ դու շատ ես հեռու.
Գտնւում ես մի այնպիսի կէտում,
Ուր ովկիաններն են դարերով եռում…
Քիչ այն կողմ… խաւար, շերտը սառոյցի.
Տես ոն՜ց եմ դողում ունայնութեան մէջ.
Ամէն ջերմութիւն քեզանից բացի,
Քերթութեան գիրք է դատարկ՝ էջ առ էջ…։
Երեկոն սին է, պարապ կայ մթնում,
Կորած քամի է, տերեւ է փխրուն.
Ինչպէս մասրենին վանքի գաւիթում,
Միայն քեզ հետ է, որ ես չեմ տխրում…
25.4.04
Շեմիրան
ՍԻՐՈՅ ՉԱՓԱՆԻՇ
Սիրում եմ քեզ, եւ չգիտես թէ ինչպէս,
Երկինք-գետին հաւասար են ոչնչի
Քեզ սիրում եմ հանց ծաղիկը բոյրն իր հետզ,
Նա բոյր կը տայ, սակայն ես քեզ չեմ զիջի:
Վախենում ես, որ ինձ կորցնես «մշտապէս»,
Դրա համար` աշխարհը քեզ կը ճնշի,
Բայց չգիտես, որ իմ շունչն ես` առանց քեզ`
Ժամացոյցիս «վայրկեանն» անգամ չի շիջի:
Սիրում եմ քեզ եւ ես գիտեմ թէ որքան,
Ցամաքից` ծով, մութից` ծիրը ճաճանչի,
Սառցալեռան եզրից մինչեւ Սահարան,
Ալ աշունից` ծիլը գարնան կանաչի. . .
Քեզ սիրում եմ, եւ չգիտես թէ որքան
Ողջ աստղերը սիրոյս փշրանքն են չնչին. . .
17.5.03
«Նադերի» սրճարան
ԱՆՁՐԵՒԱՅԻՆ ԱՌԱՒՕՏ
Այս անձրեւոտ առաւօտ, այս միգապատ առաւօտ,
Քեզ եմ յիշել կրկին ես, իմ հարազատ հեռու-մօտ.
Ջնջել էի իմ մտքից ու հոգուց տեսքդ ծանօթ,
Սակայն եկել ես կրկին հմայքներով արեւոտ։
Այս անձրեւոտ առաւօտ, քե՛զ եմ յիշել, սէր իմ խենթ,
Որ բռնեցիր անյայտի ձեռքը յանկարծ, հեռացար.
Չհեռացար իմ սրտից, բայց թւացիր արահետ,
Որ մոլորւում է յաւէտ պուրակների մէջ անծայր։
Այս միգապատ առաւօտ քեզ եմ յիշել, սէր իմ խենթ,
Որ բռնեցիր օտարի, անծանօթի ձեռքը միշտ.
Իմ երազում դու նորէն կապւել էիր մէկի հետ,
Բայց այս անգամ պատկերն այդ ինձ չբերեց ոչ մի վիշտ։
Զի տեսնելդ ինձ համար բաւարար էր, սիրելիս,
Զի քերթողի համար լոկ բաւարար է մէն մի թել…
Զի՝ «Ուրիշները միայն քեզ օգնում են հանւելիս,
Սիրում եմ քեզ, քանզի դու օգնում ես լոկ հագնւել»։
12.3.99
ՆԱՄԱԿ
Դու ուզել ես քեզ գրեմ մի նամակ,
Խոստովանութեան պարզ ուղին բռնեմ.
Իսկ ես սէր եմ ու կարօտ եմ համակ,
-Արեւիդ մեռնեմ, արեւիդ մեռնեմ…։
Դու ասում ես որ՝ շառ կայ ու վտանգ,
Եւ կարող են մեզ մեղքի մէջ բռնել.
Մի՞թէ այդպէս չէ՞ր ընդմիշտ, շարունակ.
-Արեւիդ մեռնեմ, արեւիդ մեռնեմ…։
Քեզ համար ես մի՝ «Երազ էի թանկ»,
Եւ կարող էի քո «Կեանքն էլ առնել»,
Հիմա ինչպէ՞ս եմ դարձել «խեղկատակ»
-Արեւիդ մեռնեմ, արեւիդ մեռնեմ…
Դու ինձ համար մի արեւ էիր բարկ,
Իսկ հիմա նաեւ՝ սառցէ բեւեռներ.
Չդառնամ յանկարծ՝ սառոյցին՝ կրակ.
-Արեւիդ մեռնեմ, արեւիդ մեռնեմ…։
«Կեանքը կարճ է շատ, չկայ ժամանակ
Սիրոյ մասին չար որոշում առնել».
Գիտես ու կրկին անում ես կատակ.
-Արեւիդ մեռնեմ, արեւիդ մեռնե՜մ…
13.12.01
ՍԻՐԵՐԳ
Դող ու սարսուռ է, երեկոյ է ջինջ,
Շողերի փունջ է, ծաղիկ է հրկէզ.
Ով՝ ինչ-որ ինչ է, ով՝ փուչ է, ոչինչ,
-Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ։
Կարօտի գոյն է, նարօտի երանգ,
Թրթիռ ու թոյր է, թառանչ աղեկէզ.
Մէկը հեռու է, երկուսը երազ.
-Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ։
Տունդ իմ բոյնն է, բոյրդ ամենուր
Շաղել է՝ գարնան թովչանք, շուք ու ծէս.
Մէկը լալիս է, մէկն էլ մունջ է, լուռ.
-Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ։
Փունջդ անուրջ է, շունչդ կախարդանք,
Շուրջդ մրմունջ է, շշունջդ պէս-պէս.
Մէկը խելօք է, մէկն էլ խենթ է, կեա՛նք,
-Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ։
6.8.98
Ի՞ՆՉ ԱՆՈՒՆ ԴՆԵՄ. . .
Ի՞նչ անուն դնեմ քեզ վրայ հիմա,
Լուսա՞ստղ ու ծաղի՞կ, որ բացւեց կողքիս,
Թէ՞ տարիներիս անկումի վկայ,
Որ ինձ յետ տւեց՝ առնական ոգիս։
Ի՞նչ անուն դնեմ քեզ վրայ հիմա,
Սէ՞ր, անրջա՞նք, լո՞յս, կարօ՞տ ու ցնո՞րք,
Թէ՞՝ ատրուշանից առանձնացած ջահ,
Որ սառն տրոփը դարձնում է բորբոք։
Ի՞նչ անուն դնեմ քեզ վրայ, լաւըս,
Որ ինձ յետ տւիր այն ամէնը, որ
Մի օր կորցրեցի ու դարձան ցաւըս,
Իսկ արդ փայլում են հեւքով հեշտօրօր։
Ի՞նչ անուն դնեմ քեզ վրայ, սէ՛րըս,
Կախարդա՞նք, հրա՞շք, հայելի՞, ակնաղբի՞ւր.
Սրբազան չարի՞ք, թէ՞՝ մեղաւոր տէրըս
Բարիք բովանդակ, բալասան ու բոյր։
Ի՞նչ անուն դնեմ քեզ վրայ, հիմա,
Արե՞ւ անսքող, որ բացւեց կրկին.
Լոկ գիտեմ, որ քեզ կը սիրեմ մինչ մահ,
Դու կեա՜նք, դու ծնո՜ւնդ, դու ցնորք, դու կին՜։
31.8.01
ԲՈՅՐՈՎ ՄՈԳԱԿԱՆ
Սիրում եմ արեւ, սիրում եմ եւ գոյն,
Ծաղկած ծառերի բոյրը մոգական.
Իսկ քեզ սիրում եմ, սիրում եմ թաքուն,
Դրա համար էլ՝ թանձր ու խոր այսքան։
Սիրում եմ ամառ, սիրում եմ գարուն,
Սիրում եմ աշուն, ցուրտ ձմեռն անգամ.
Իսկ քեզ սիրում եմ անտես ու թաքուն,
Դրա համար էլ բազմագոյն այսքան։
Սիրում եմ ապրել, երազել անքուն,
Երգել՝ կեանք, պայքար, իբր լուսէ պատգամ.
Իսկ քեզ սիրում եմ լռելեան, թաքուն,
Դրա համար էլ իրական այսքան։
…Ամէ՛ն ինչ կը տամ անցաւոր կեանքում,
Չեմ խորշում մահից՝ վախճանից անգամ.
Լոկ ապրի սէրդ, թէկուզ եւ թաքուն,
Ծաղկած ծառերի բոյրով մոգական։
5.10.03
ԱՆՁՐԵՒՈՏ ԳԻՇԵՐ
Մեր մտերմութեան գիշերն առաջին
Այնուհետ կոչւեց «Անձրեւոտ գիշեր»,
Հիմա էլ կրկին գիշեր է, անգին,
Ու մայթին՝ խելառ անձրեւի շիթեր։
Այնուհետ քանի՜ նամակներ, էջեր,
Այնուհետ քանի՜ հանդիպում կարճ, կէս,
Այնուհետ քանի՜ դէմքեր ու աչեր,
Սակայն կրկին, ես տես՛ սիրում եմ քե՜զ։
Այնուհետ քանի ժխոր, անցուդարձ,
Այնուհետ քանի դադար անդադար.
Այնուհետ քանի փսփսուք, կասկած,
Այնուհետ քանի արգելք ու պատւար։
Այնուհետ քանի երթ ու վերադարձ,
Այնուհետ քանի յոյսի թոյլ նշոյլ,
Այնուհետ քանի մրրկում, անսանձ,
Այնուհետ քանի խաւար աստղաբոյլ։
Սակայն ես կրկին լոկ սիրում եմ քե՛զ,
Ինչպէս չոր մայթը՝ անձրեւի շիթեր.
Զի մեր միացման թւականը կէզ
Այնուհետ կոչւեց՝ «Անձրեւոտ գիշեր»…
17.11.04
ԴՈՒ ԴԵՌ ՉԳԻՏԵՍ. . .
«Ինձ յիշիր, երբ անձրեւում է. . . »
քո խօսքերից
Դու դեռ չգիտես,
Որ ամեն անձրեւ իր գոյնն ունի,
Դու դեռ չգիտես, որ ամեն անկիւն
Մութ ունի ուրոյն.
Դու դեռ չգիտես,
Որ ամէն երազ
յուշ է դեռ բողբոջ,
Ու ամէն մի յուշ
երազ է դողդոջ։
Դէ, որ չգիտես,
Արի, լսիր, տես՝
Քեզ սիրում եմ ողջ
Վայրերում թափւող անձրեւների չափ,
Թաքուն խորհրդով ողջ ստւերների,
Ողջ երազների, որ յուշ են դառել
Եւ ողջ յուշերի, որ ծաղկեն պիտ դեռ։
Իմ անձրե՜ւ , իմ յո՜ւշ,
Իմ երա՜զ, իմ սէ՜ր…
2.11.03
ՄԵՂՔ ՄԵՂՐԱԹՈՅՐ
Նստած` քո դատարկ աթոռին նայում,
Կարօտում եմ, սէր, հասակդ վճիտ,
Ոսկէ վարսերիդ ջրվէժն անկայուն,
Ու դեղին շապկիդ մեղրակոյտը պինդ։
Նստած՝ դատարկ քո աթոռին նայում,
Կարօտում եմ քաղցր ժպիտդ մեղսոտ,
Մեղքոտ աչքերիդ մոմերն վառվռուն,
Թաւ շշուկներիդ, երանգը մեղրոտ։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Նստած՝ քո դատարկ աթոռին նայում,
Եւ ըմպում եմ սուրճ բախտի չափ դառն, սեւ,
Որ մեզ իրարից հեռու է պահում,
Բայց այսքան մեղրով դառնում է Արե՜ւ…։
9.1.03
ՄԵՂԱՒՈՐ ՍԷՐ
Դու չկաս, նկարիդ եմ նայում,
Երբ որ գաս՝ նկարդ պիտ յետ տամ.
Քանի որ մեղաւոր է սէրն այս՝
Յանցանք է մի՛ պատկերն անգամ։
Դու չկաս, պատկերիդ եմ նայում,
Ու յուզւում, կարօտում եմ այնքան,
Որ թւում է՝ ե՛ս եմ քո նկարում,
Մեր ես-ը մի մե՛նք է անսահման։
Դու չկաս, նկարիդ եմ նայում,
Վարսերդ՝ վարդ-ծաղիկ ոսկեհուր,
Աչքերիդ՝ ստւերներ անկայուն,
Այտերիդ՝ ճառագայթ ոսկենուռ…։
Դու չկաս, նայում եմ պատկերիդ.
Վատն այն է՝ ասացիր՛ թէ չգաս.
Ենթարկւեմ չզիջող պատւէրիդ՝
Նկարդ պատռոտեմ… հազա՛ր մաս…։
Չէ՞ որ խիստ մեղաւոր է սէրն այս…
23.4.03
ԹԷ ՓՇՐՒՈՒՄ. . .
Վախենում եմ կեանքը նենգ
Թեքի ոսկի մեր ուղին,
Ու մենք պարտւած, սրտաբեկ,
Տրւենք… մահւան նկուղին։
Բայց ու՞ր տանենք այդքան լոյս,
Այդքան գարուն, ջերմութիւն.
Ո՛ւր պարփակենք՝ երազ, յոյս,
Այդքան ցնորք, այդքան գոյն։
Ու՞ր ամփոփենք սէր այսքան,
Այսքան կարօտ, այսքան տենչ.
Որտե՜ղ թաղենք այդքան կեանք
Եւ արշալոյս այսքան թէժ։
Գոնէ դառնանք ծաղիկներ,
Աճենք, կանգնենք ուս-ուսի.
Թէ բուրում ենք՝ մէկ եթեր,
Թէ փշրւում՝ միասի՜ն…
23.10.03
Ի՜ՆՉ ԼԱՒ Է. . .
Ախ ինչ լաւ է՝ քեզ սիրել ու երազել
Ու ողջ գիշեր անքուն մնալ քեզ համար,
Մթութիւնը երազներով հրկիզել,
Մերկ ճիւղերին կախել աստղեր ոսկեվառ։
Դրսում տեղայ մեղմիկ ձիւն ու հեքիաթներ…
Գորշ երկնքին իշխի ձմեռը մթին.
Երազի մէջ շիթւեն կապոյտ ագաթներ,
Վզնոց դառնան տաք, կաթնագոյն քո կրծքին։
Ու քո սիրով կրկին լինեմ վերացած,
Լռիկ չափեմ ձեր փողոցները կրկին.
Երկնին լռեն տիեզերքը եւ Աստւած,
Իսկ ես չասեմ քո անունը ոչ ոքի….
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ախ ի՜նչ լաւ է՝ քեզ սիրել ու երազել,
Ամբողջ գիշեր անքուն մնալ քեզ համար.
Դու չիմանաս, յետոյ սկսես կասկածել,
Յետոյ սկսես արթուն մնալ… ինձ նման։
27.12.04
ԿԱՍ - ԿԱՄ
Գիտեմ՝ այս երգը
Էլ համ է հանում-.
Դու քո մահճում ես,
Իսկ ես՝ իմ բնում.
Մեզ բաժանում է
Եւ՛ բախտը անգութ,
Եւ՛ այս ուղին մութ,
Որ չի վերջանում…
Քունս չի՜ տանում։
Գիտեմ՝ այս վէրքը
Հոգի է հանում,
Սառնութիւնն անգամ
Զուր է բարկանում,
Որոշում չկայ,
Չկայ վարանում,
Մեղքի ատեանում
Քունս չի՜ տանում…։
Լռել է անգամ
Անուրջը՝ քնում,
Կամուրջը՝
Կեանքի-մահի սահմանում,
Ճչացող վարդը՝
Զարդ-ծաղկամանում…
Քունս չի՜ տանում…
Գիտեմ՝ այս տաղը
Հեռու է տանում,
Մերթ խորթանում է,
Մերթ մտերմանում,
Մերթ անջատւում է
Ու մերթ միանում…։
Անջրպետում եմ,
Աստղ-երազների
Խաղաղ վրանում,
Բայց սա ի՞նչ խաղ է,
Բայց սա ի՞նչ տաղ է…
Քունս չի՜ տանում…
11.1.03
ՕՐԵՐ ԱՌԱՆՑ ՔԵԶ
Օրեր առանց քեզ` կը գան, կը գնան,
Խուլ ու անհեթեթ, սին՝ իրար նման,
Կրկին կը խշշայ տանդ դէմ բարդին,
Աչքերը դրած մեր ճամբին ունայն։
Օրեր առանց քեզ՝ կը գան, կը գնան,
Ցուրտ ու անկրակ, փուչ՝ իրար նման.
Կը չոքի սարը քո պատուհանին,
Դատարկ կը մնայ արահետ-կածան։
Ձեր արւարձանից մինչ թաղը մեր հարթ
Յետայսու պիտի լինի… քաւարան,
Որտեղ թօշնում են սիրոյ բողբոջ-վարդ,
Ու բարձրանում են խաչե՜ր, կախաղա՜ն։
Մեր փողոցներից մինչ թաղը ձեր լայն
Յետայսու պիտի փչի տաք քամի,
Բերելով պոկւած էջեր քերթութեան
Մի մութ, մեղաւոր սիրամատեանի։
Դատարկ աթոռներ, սին ըմպանակներ
Սրճարաններում մեր հանդիպումի.
Մայթեր ամայի, ցամաք վտակնե՜ր,
Ուր՜ շունչ էր, հունչ էր, հանդէս էր գոյնի։
Օրեր առանց քեզ՝ կը գան, կը գնան,
Մի փունջ կը կիզւի պատշգամբի պատին.
Աչքերը դրած մեր ճամբին ունայն
Կրկին կը խշշայ տանդ դէմ բարդին…
16.5.03
ՆՈՅՆ ՀՐԱՇՔՆ ԵՍ…
Հեռու-հեռւից, շա՜տ հեռւից կրկին քեզ եմ յիշել ես,
Ու երազներս անթիւ թեւ են առել դէպի քեզ։
Այս էլ քանի~ ձիգ տարի անցան, անդարձ գնացին,
Ու յուշերը մեր հրկէզ մոռացումով կնքեցին։
Մաղեց անձրեւ, փչեց հով ու մերթ քամի կատաղի,
Որ փշրեցին թերթ առ թերթ մեր խենթ վարդերը դեղին։
Ծագեց հազար արշալոյս տաճարների կատարին,
Բայց ոչ մէկից ոչ մի յոյս չշողաց մեր կրծքերին։
Ճամբաները կտրեցին թէ մեր սիրտը, թէ՛ իրար,
Հորիզոնում մնաց մի խառն, թափթփւած, սին աշխարհ։
Մտանք հազար սրճարան, տրւեցինք տաք գաւաթի,
Բայց ոչ մէկում չբացւեց փակ կծիկը մեր բախտի։
Ու վերջապէս վճռեցինք մտահանել էլ իրար,
Իբրեւ երկու անծանօթ՝ յաւիտեան խորթ եւ օտար։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Հիմա նորից եմ յիշել ու նայում եմ դէպի քեզ.
Լաւ է կեանքին չես զիջել՝ նոյն հրաշքն ես իմ հրկէզ…
21.9.04
Ի ՍԿԶԲԱՆԷ
Եւ ի սկզբանէ Սէրն էր դաւաճան,
Եւ ի սկզբանէ Սէրն էր դաւաճան։
… Տղան սաստիկ էր սիրում աղջկան
Ու միշտ ասում էր «իմ սիրտն ես դու»,
Եւ երբ աղջիկը
Դարձաւ խիստ էժան
Ու գերադասեց ուրիշ մի մարդու,
Տղան զէնք դրեց իր սրտի վրայ,
Որ նախ եւ առաջ սպանի նրան …
Բայց ի սկզբանէ Սէրն էր անվախճան…
Բայց ի սկզբանէ Սէրն էր անվախճան…
10.7.95
«ՏԱՆԳՈՅԻ ՏԱՐԻ»
Իրիկուն, դու տխուր իրիկուն,
Թէժնւագ, թախծութիւն անսպառ.
Նոր սանդուղք, նոր պատշգամբ, նոր մի տուն,
Երազի, զգացման ոսկեդա՜ր...
Իրիկուն, անսպառ իրիկուն,
«Եւ՛ թախիծ, եւ՛ յուշեր, եւ՛ նւագ».
Մերթ խամրող, մերթ վառւող, բռնկուն
Ցանկութիւն։ Աչքերի սեւ դանակ։
Իրիկուն, յուշերի՜ իրիկուն,
Նոր աշխարհը թող խենթի պար պարի.
Դու մնա աննկուն ու կանգուն,
Խենթ սիրոյ՝ տանգոյի դու տարի։
8.6.97
Subscribe to:
Posts (Atom)
